Նորություններ
Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց օլիմպիադայի հաղթողներին
14.05.2014

Մայիսի 14-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցած եւ մրցանակներ շահած աշակերտներին: Նրանք չորսն էին՝ Ոսկեթասի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արեւշատ Մինասյանը, ով հայոց պատմություն առարկայիւց վաստակել է առաջին կարգի դիպլոմ, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի, հայոց լեզու եւ գրականություն առարկայից երկրորդ կարգի դիպլոմի մրցանակակիր Անի Հարությունյանը, ՆԶՊ առարկայից լավագույն մասնակցություն ցուցաբերած Թաթուլի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Գեղեցիկ Մարկոսյանը եւ Ագարակի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արթուր Մարտիրոսյանը: Նրանց երկուսին էլ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ընծայվել է ժամացույց:
Շնորհավորելով առաջադեմ աշակերտներին, մարզպետը նրանց ուսումնառության մեջ նոր ձեռքբերումներ մաղթեց եւ իր պատրաստակամությունը հայտնեց նրանց եւ իրենց հասակակիցներին ցուցաբերել իր աջակցությունը: Օլիմպիադայում լավագույն մասնակցության համար հաղթանակած աշակերտներին Սարգիս Սահակյանը հանձնեց պատվոգրեր:
Համդիպմանը մասնակցում էր եւ աշակերտներին շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Նա մաղթեց, որ նման հաղթանակները դպրոցականների կյանքում բազմաթիվ լինեն: Դա պատվաբեր է ինչպես իրենց, այնպես էլ դպրոցի եւ մարզի համար: