Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
08.05.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական պատերազմի հարգելի վետերաննե՛ր, Արցախյան ազատամարտի մասնակիցնե՛ր,
Ի սրտե շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Տոն, որը կրկնակի խորհուրդ ունի մեզ համար:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում: Թերեւս, ոչ պատահականորեն, մայիսի 9-ը մեզ համար եւս մեկ հաղթանակի` ադրբեջանական բռնազավթումից Շուշիի ազատագրման օրն է:
Մեր ժողովրդի բազմադարյա պատմության հերոսական դրվագները բազմաթիվ են: Այդպիսի հերոսական էջեր են պարունակում Հայրենական մեծ պատերազմի տարիները: Մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաեւ հայ ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների` մարշալների, ադմիրալների, գեներալների անձնվիրության ու սխրագործության շնորհիվ:
Հայ քաջորդիների հերոսացման, ոգու ամրության գրավական են մեր նորօրյա հաղթանակները, ադրբեջանական զինված ագրեսիայից մեր երկրի սահմանների պաշտպանությունը, արցախյան ազատամարտի շատ ու շատ սխրալից էջեր, որոնցից մեկն էլ Շուշիի ազատագրումն է:
Մեծ հաղթանակը կերտած հերոս-վետերանների, հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նորօրյա հերոսների հանդեպ ունեցած մեծագույն խոնարհումով կրկին շնորհավորում եմ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Մեր պապերի, հայրերի ու եղբայրների փառափանծ հաղթանակները թո՛ղ որ զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ եւ հուսալի վաղվա օրը կերտելու գործում: