Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Արագածոտնի մարզ

05.03.2014

Մարտի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին: Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող լինել հանցագործությունները գրանցումից թաքցնելու, քաղաքացու հանդեպ անպատշաճ վերաբերմունքի, բռնությամբ ցուցմունք կորզելու և ցանկացած այլ արատավոր երևույթների հանդեպ, ինչպես և լիարժեք աշխատել համայնքների, հասարակության հետ:
Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունը նոր ոստիկանության ձևավորման գործում՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բացառիկ նշանակությունը նախանշված ծրագրերի իրագործման համար:
Մարզպետարանում Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Ողջունելով ոստիկանապետի այցելությունը, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները էականորեն բարձրացրել են ոստիկանի դերն ու հեղինակությունը հասարակության մեջ:
Վերլուծելով ոստիկանության գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:
Նա կարևորեց, մասնավորապես, անչափահասների հետ տարվող աշխատանքը և հայտնեց, որ հաստիքներ են տրամադրվել Արագածոտնի մարզի երեք ավագ դպրոցներում ոստիկանների աշխատանքը կազմակերպելու համար:
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին հորդորեց աջակցել ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու գործում՝ նշելով, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Իսկ ինչ վերաբերում է որսորդական հրացաններին, ապա օրինական կերպով գրանցելուց հետո, դրանք կվերադարձվեն տերերին: Ավելին, անտառամերձ տարածքների բնակիչներին կտրամադրվեն օրինական հրացաններ, ինչի փորձը ոստիկանությունն արդեն իսկ ունի: Պատրաստակամություն հայտնելով համակողմանի իրավական օգնություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին՝ ոստիկանության պետը նաև նշեց, որ ոստիկանությունը պատասխան քայլեր է ակնկալում:
Ամփոփելով հանդիպումը՝ Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն անշրջելի են, և ունենալով հասարակության հավատն ու վստահությունը, համատեղ աշխատանքով հասնելու ենք նախանշված ծրագրերի իրագործմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51