Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Օհանավան եւ Կարբի համայնքների ոռոգման, Գառնի արգելոցում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր

04.03.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 3-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման խնդիրը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Բնապահպանության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, Օհանավան եւ Կարբի համայնքների ղեկավարները, տարածքն սպասարկող "Քասախ" ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ)գործադիր տնօրենը:
Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցեցին, որ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի դոտացիոն ջրատարի վրա նախատեսվող էներգետիկ ծրագրի իրականացման համար ջրօգտագործման թույլտվություն է տրվել միայն այն պայմանով, որ բոլոր ծրագրերն իրականացվեն բացառապես ոռոգման ռեժիմով:
Նշվեց, որ էներգետիկ ծրագրի իրականացման նախապայմաններից մեկն էլ այն է, որ իրականացնող ընկերությունն իր միջոցների հաշվին վերակառուցի դոտացիոն ջրատարի արագահոս համակարգը` ներկայիս քայքայված համակարգը փոխարինելով ստորգետնյա համակարգով, ինչը կնվազեցնի ջրի կորուստներն ու կբարձրացնի կառավարման արդյունավետությունը:
Տեղեկացվեց, որ "Քասախ" ՋՕԸ-ի կողմից այգիների ոռոգման համար տարեկան մոտ 17-18 մլն խմ ջուր է օգտագործվում, Ապարանի ջրամբարում կուտակված ջրի մնացած մասն արագահոս համակարգով ուղղվում է Արարատյան դաշտավայրի եւ Արագածոտնի մարզի այլ տարածքների ոռոգմանը: Ապարանի ջրամբարի նախագծային հզորությունը 90 մլն խմ է, եւ ջրամբարում հիմնականում միշտ կուտակվում է ջրի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ է միայն այգիների ոռոգման համար: Ըստ ոլորտի պատասխանատուների` անգամ էներգետիկ ծրագրի իրականացման դեպքում անհանգստությունը, որ կուտակված ջուրը կարող է սպառվել կարճ ժամանակահատվածում, տեղին չէ, քանի որ ջրառ ընկերությունը ջրօգտագործումը պլանավորում է ոռոգման ողջ շրջանի համար` ապրիլից մինչեւ սեպտեմբեր ներառյալ:
Ինչ վերաբերում է բնակիչների մտահոգությունը հարուցած խողովակների տրամաչափին, ապա արձանագրվեց, որ անկախ դրանց չափից` արագահոս համակարգ է ուղղվում միայն դոտացիոն, ոչ թե "Քասախ" ՋՕԸ-ի համար հատկացվող ջուրը:
Փոխվարչապետը լսելով պարզաբանումները` արձանագրեց, որ կառավարությունը մտադիր չէ իրականացնել որեւէ ծրագիր, որը կարող է անգամ նվազագույն չափով վնաս հասցնել նշված համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Օհանավանի, Կարբիի եւ Ուջանի տարածքում նախատեսվում է տեղադրել յոթ լրացուցիչ հակակարկտային կայանք` բերքը կարկտահարությունից պաշտպանելու համար, իսկ առաջիկա տարիներին ոռոգման համակարգում իրականացվելիք ծրագրերով, մասնավորապես, Եղվարդի ջրամբարի կառուցումով, նախատեսվում է այդ տարածքում զարգացնել գյուղատնտեսությունն ու այգեգործությունը:
Նախատեսվող էներգետիկ ծրագիրը նա կարեւոր համարեց ոռոգման արագահոս համակարգի վերակառուցման, համայնքներում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման, կառուցող ընկերության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման տեսանկյունից, սակայն ընդգծեց, որ ջուրն առաջնահերթ պետք է ուղղվի ոռոգմանը, եւ այգիները պետք է ստանան ջրի այն նույն ծավալը, որն ստացել են մինչ օրս: Արձանագրվեց, որ խնձորի այգիների ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակը պետք է ապահովվի առաջնահերթ կարգով:
Նա նաեւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն այգիները սպասարկող "Քասախ" ՋՕԸ-ի, ջրառ ընկերության, Օհանավան եւ Կարբի համայնքների եւ էներգետիկ ծրագիրն իրականացնող ընկերության ներկայացուցիչներ` ծրագրի քննարկման եւ իրականացման գործընթացը վերահսկելու նպատակով: Փոխվարչապետը կարեւորեց նաեւ ծրագիրն իրականացնող ընկերության կողմից անհրաժեշտ բոլոր նախագծերի պատրաստումը եւ լիարժեք հանրային իրազեկման ապահովումը: Նա մարզպետին եւ համայնքների ղեկավարներին առաջարկեց անհրաժեշտ բացատրական աշխատանքներ իրականացնել եւ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում քննարկել առաջացող խնդիրները:
Նույն օրը փոխվարչապետի մոտ կայացած մեկ այլ խորհրդակցության ընթացքում քննարկվեցին "Գառնի" պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Մշակույթի նախարարության "Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին Կոտայքի մարզպետը, Մշակույթի, Քաղաքաշինության, Տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, Գառնիի համայնքապետը:
Քննարկումների արդյունքում որոշվեց, որ բոլոր գործընթացները կիրականացվեն Հողային օրենսգրքով եւ "Քաղաքաշինության մասին" օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին:
Փոխվարչապետն անդրադառնալով խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին` կարեւորեց պետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցված աշխատանքը` առաջարկելով ի հայտ եկող խնդիրները լուծել համատեղ աշխատանքային քննարկումների ընթացքում:


ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51