Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդի կրթական հնարավորություններ՝ Արտենիի թիվ 1 դպրոցում

23.01.2014

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հիմնանորոգումից հետո վերաբացվել է թիվ 1 դպրոցի տարրականի մասնաշենքը եւ հիմնադրվել է ստեղծագործարանը: Հիմնարորոգումն իրականացրել է Մանուկների հիմնադրամը (COAF): Վերանորոգվել են դասասենյակները, հիմնվել է ատամների մաքրման կայան, կատարվել է նաեւ կահավորումը: Իսկ ստեղծագործարանը հիմնվել է ՎիվաՍԵԼ-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ՎիվաՍԵԼ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Մանուկների հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը, այլ հյուրեր:
Ողջունելով ներկաներին, դպրոցի տնօրեն Մանուշակ Շատոյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը եւ ծրագրի հեղինակներին իրենց մոտ կրթության համար նպաստավոր ներդրումներ կատարելու համար, ինչի շնորհիվ, իրենց մոտ ստեղծվել է ուսուցման համար արդիական պայմաններ ու հնարավորություններ:
Դպրոցին իր ողջույնի խոսքը հղեց ՎիվաՍԵԼ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա ասաց, որ տեսնելով աշակերտների եւ մանկավարժների ոգեւորությունը, իրենք առավել քան բավարարված են զգում: Նմանատիպ ծրագրերն իրականացվում են այն սկզբունքով, որ լավագույն պայհմաններ պետք է ունենան ոչ միայն Երեւանի, այլեւ հանրապետության բոլոր մարզերի քաղաքային թե գյուղական համայնքների աշակերտները:
Համայնքում COAF-ի գործունեության մասին խոսեց Մանուկների հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը: Նա նշեց, որ տարրական դպրոցի հիմնանորոգումն իրականություն է դարձել բարերարներ Նուբար եւ Աննա Աֆեյանների ֆինանսավորմամբ: Նա ասաց, որ ստեղծագործարանների հիմնադրման եւ ստեղծման նպատակը ուսման համար գրավիչ եւ նպաստավոր միջավայրի ապահովումն է: Հաշվի առնելով Արտենում ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը, իրենք որոշել են հիմնանորոգել համայնքի տարրական դպրոցի մասնաշենքը՝ բազմապատկելով ներդրումներն ու ընդլայնելով համագործակցությունը գործընկերների հետ:
Շնորհավորելով ծրագրի իրականացման կապակցությամբ, մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց ծրագրերի հեղինակների կողմից կատարված աշխատանքների կարեւորությունը: Նա հետագա համագործակցության համար հայտնեց իր պատրաստակամությունը եւ վստահեցրեց, որ համատեղ բազմաթիվ կարեւորագույն ծրագրեր են իրականացնելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14