Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

21.01.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խմելաջրի մատակարարման խնդիրներին եւ առաջիկա ծրագրերին նվիրված խորհրդակցություն, որին մասնացում էր ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
Պ. Լորենը ներկայացրեց ընկերության կողմից մարզում իրականացվող ծրագրերը, համաձայն որի, խմելաջրի համակարգերի վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանալու Աշտարակ քաղաքում եւ հարակից մի քանի գյուղերում: Արդյունքում՝ նախատեսվում է ջրամատակարարման էական բարելավում: Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսին Աշտարակ քաղաքում գրանցված ջրամատակարարման խաթարումներին, ապա Պ. Լորենը դա բացատրեց եղանակային պայմաններով, քանզի աննախադեպ ցուրտը համատեղելի չէր տասնյակ տարիների վաղեմություն ունեցող մաշված ջրատար համակարգի հետ: Ըստ նրա, այդ եւ համանման խնդիրները կլուծվեն վերոհիշյալ ծրագրի իրականացման շնորհիվ:
Մարզպետ Սարգիս Սահակյանը գոհունակություն հայտնեց մարզկենտորնում եւ Աշտարակի տարածաշրջանում իրականացվելիք ներդրումների համար, եւ հարկ համարեց հիմնախնդիրները քննարկել ըստ տարածաշրջանների:
Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը առանձնացրեց հետեւյալ հիմնախնդիրները: Մայր ջրագծերից դեպի բազմաբնակարան շենքերը տանող ջրատարերը չեն առանձնացված փականներով, ինչի պատճառով հնարավորություն չի լինում խափանումների դեպքում օպերատիվորեն կատարել վերականգնողական աշխատանքներ: Հաջորդ խնդիրները վերաբերում էին դեկտեմբեր ամսվա ընթացքում բազմաբնակարան շենքերում վթարված ջրատար խողովակների, ինչպես նաեւ քաղաքի մի քանի թաղամասերում կոյուղու համակարգերի վերանորոգմանը: Քաղաքապետին մտահոգում էր նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարների պահպանության խնդիրը:
Իրենց քաղաքներում առկա հիմնախնդիրները բարձրացրին նաեւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը եւ Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը: Առաջինում, մասնավորապես, զգում են համակարգում կատարվող ներդրումների կարիք: Քաղաքում ջրի պակաս է զգացվում, ինչը առանձնակի սրվում է ամռան ամիսներին: Համակարգի մաշվածության խնդիր ունի նաեւ Ապարան քաղաքը, ինչի պատճառով ջրի կորուստը ավելի քան 50 %-ի է հասնում: Ինչպես Թալին քաղաքը, այնպես էլ Ապարանը ունի կոյուղու համակարգի վերանորոգման լուրջ խնդիր:
Խմելաջրի մատակարարման խնդիրների մասին խոսեցին նաեւ մարզի հեռավոր գյուղերի՝ Հակկոյի, Սորիկի եւ Գյալթոյի գյուղապետերը, որտեղ հատկապես ամռան ամիսներին ջրի լուրջ սակավություն է զգացվում: Հարցի լուծման համար նրանք կարեւորեցին խմելաջրի հավասարաչափ բաշխման, ինչպես նաեւ ցանցի վերանորոգման անհրաժեշտությկունը: Իսկ Արագածի տարածաշրջանի Բերքառատ, Գեղաձոր եւ հարակից համայնքների ջրամատակարարումն ապահովելու համար բարձրացվեց Գեղաձորի ջրամբարի նորոգման եւ արդյունավետ գործարկման խնդիրը:
Անդրադառնալով բարձրացված հարցերինին, Պատրիկ Լորենը կոնկրետ առաջարկներ արեց դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ, նշելով, որ հնարավորությունների սահմանում ընկերությունը կփորձի դրանք ներառել առաջիկա ծրագրերում:
Սարգիս Սահակյանը կարեւորեց քննարկված բոլոր հարցերը, եւ դրանց հավելեց Եղնիկ համայնքի ջրամատակարարման խնդրի լուծումը, քանզի այդ հարցը գյուղում այսօր օրախնդիր է: Ամփոփելով խորհրդակցության աշխատանքը, մարզպետը Պատրիկ Լորենի հետ պայմանավորվեց նշված հարցերը լրացուցիչ ուսումնասիրել, դրանց լուծման համար համատեղ ծրագրեր եւ համապատասխան ժամանակացույց մշակել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14