Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը

14.12.2013

Դեկտեմբերի 13-ը Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է: Վաղամեռիկ արձակագրի շիրիմը գտնվում է նրա ծննդավարում՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, որտեղ ամեն տարի այդ օրը այցելում են հարազատները, մտերիմները ու նրա ստեղծագործության երկրպագուները:
Այս տարի օրը հոբելյանական էր: Լրացավ տաղանդավոր գրողի ծննդյան 80-ամյակը: Այն հանդիսավոր կերպով նշվեց Կաթնաղբյուրում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողի ընտանիքի անդամները, գրողներ, բազմաթիվ մտավորականներ, հյուրեր: Այցելություն կատարվեց դեպի գերեզմանատուն, որտեղ նրանք իրենց երախտիքի ու հարգանքի տուրքը մատուցեցին գրողի հիշատակին:
Այնուհետեւ հանդիսությունը տեղափոխվեց մշակույթի տուն: Ողջունելով ներկաներին, Կաթնաղբյուրի համայնքի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կազմակերպած միջոցառումը հավաստումն է այն գաղափարի, որ գալշոյանական ոգին, նրա թողած ժառանգությունը ապրում են սերունդների մեջ, որոնք հարատեւելու են մշտապես:
Փոխանցելով մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը, Նունե Մովսիսյանն ասաց, որ մարզպետի նախաձեռնությամբ տպագրության է պատրաստվում Արագածոտնի մարզին նվիրված մեծածավալ գիրք, որտեղ առանձին հատվածով ներկայացվելու է Մուշեղ Գալշոյան գրողն ու հրապարակախոսը: Նաեւ ընթացքի մեջ է գրողի պատմվածքների թվայնացման ծրագիրը:
Հայ գրականության մեջ Գալշոյանի ստեղծագործության անփոխարինելի դերի ու նշանակության մասին խոսեց Էդվարդ Միլիտոնյանը:
-Մուշեղ Գալշոյանի հնչեցրած զանգերը զնգում են բոլոր ժամանակներում եւ բոլոր սերունդների մեջ,-ասաց նա:- Նրա գրականությունը առաջին գրքից՝ ,,Կռունկից,, մինչեւ վերջինը՝ ,,Մարութա սարի ամպերը,, , հաստատումն է այն բանի, որ գրողը հավատարիմ է իր սկզբունքներին: Գալշոյանի գրականությունը նույն շունչն ու ոգին է կրում, ինչը որ՝ Խաչիկ Դաշտենցի հերոսներն ու Էրգրից եկած մեր հայրերի ու պապերի կերպարներն ունեին:
Հուզիչ, սրտառուչ էր գրողի դստեր՝ Սիրանույշ Գալշոյանի խոսքը: Նա շնորհակալ եղավ կաթնաղբյուրցիներին՝ հայրիկին ամբողջովին ընդունելու եւ սիրելու համար եւ ասաց, որ նրա ոգին միշտ իրենց հետ է՝ իր սիրելի ծննդավայրում:
Գալշոյանի կերպարի եւ ստեղծագործական գործունեւության ներկայացումն ավելի ամբողջական դարձավ տեղի դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպած գրական-գեղարվեստական մասի ցուցադրությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14