Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը

03.12.2013

«Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից 9-ը ղեկավարում էին նահանգապետները, ինչպես նաեւ մեր երկրի պետական կառավարման, տարածքային մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ռուսական պատվիրակությունները նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ ունեցան մարզերում, համատեղ քննարկվեցին համագործակցության զարգացման հեռանկարները:
Դեկտեմբերի 1-ին կայացավ Լենինգրադի մարզի պատվիրակության եւ Արագածոտնի մարզի ղեկավարության հանդիպումը: Լենինգրադի նահանգապետ Ա. Դրոզդենկոյի եւ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի միջեւ տեղի ունեցավ քննարկում կողմերի միջեւ ընթացող փոխգործակցության խորացման հարցերի շուրջ: Կարեւորվեց սոցիալական, կրթական եւ հումանիտար բնագավառներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքը: Սարգիս Սահակյանը նշեց, որ համագործակցության շրջանակում հաջողությամբ ընթանում է Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն ուսումնական հաստատություններում Արագածոտնի մարզի մի շարք ուսանողների ուսուցման ծրագիրը, որը առաջիկա տարիներին ծավալվելու միտում ունի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ համագործակցությունն ընդլայնելու, տնտեսական նոր բնագավառներ ներառելու ուղղությամբ:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ Արագածսոտնի մարզի պատվիրակությունը դեկտեմբերի 2-ին մասնակցեց Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին: Լիագումար նիստում, որն անցկացվեց Ռուսաստանի եւ Հայաստանի կենտրոնական եւ տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու շուրջ 500 գործածարի մասնակցությամբ, ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Համաժողովի շրջանակում բացվեց Հայաստանի մարզերը եւ Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդեսը, որի նպատակն է երկու երկրների միջեւ տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը:
Դեկտեմբերի 3-ին համաժողովի շրջանակում Երեւանում մեկնարկեց ցուցահանդեսը, որտեղ առանձնացված տաղավարներում երկու երկրները ներկայացան ամենատարբեր ապրանքատեսակներով:
Հարուստ եւ հագեցած ցուցադրություն ուներ Արագածոտնի մարզը : Տաղավարում տեղ էին գտել առանձին պաստառներով ներկայացված մարզի մեծադիր քարտեզը, ընդհանուր նկարագիրը, զարգացման ծրագիրը, պատմամշակութային հուշարձանները, ՀՀ ԳԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ու ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտների արտադրատեսակները, լաբորատոր սարքավորումները:
Տաղավարի ցուցադրությունները ներկայացնում էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ կրթության ազգային ինստիտուտի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն Կարեն Սիմոնյանը: Այցելուները առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին սննդի, գյուղատնտեսական, քարի արտադրության տեսականիների, ձեռքի, գեղարվեստի աշխատանքների հանդեպ: Փոխադարձ ծանոթությունների արդյունքում հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:
Նույն օրը համաժողովը շարունակվեց նաեւ այլ ձեւաչափով: Ըստ սեկցիաների քննարկվեցին տարբեր հարցեր, հիմնականում տնտեսական ուղղվածության, որոնք տեղավորվում են Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության տրամաբանության մեջ: Համատեղ գործակցության եւ ծրագրերի իրականացման համատեքստով քննարկումներին ակտիվ մասնակցություն ունեցան Արագածոտնի մարզի ներկայացուցիչները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14