Նորություններ
Մաստարայում տեղի ունեցավ Հովհաննես Մազմանյանի կիսանդրու բացման արարողությունը
30.11.2013

Արագածոտն մարզի Մաստարա համայնքում տեղի ունեցավ Ղարսի հերոսական պաշտպանության հրամանատար, գնդապետ Հովհաննես Մազմանյանի (Մազմանով) կիսանդրու բացման արարողությունը:
Բացմանը ներկա էին կիսանդրու տեղադրման նախաձեռնողները` ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, , ,,Փյունիկ,, հիմնադրամի տնօրեն Լևոն Սարգսյանը, ինչպես նաեւ հյուրեր մայրաքաղաքից, այլ համայնքներից:
Կիսանդրին տեղադրված է գյուղի սկզբնամասում: Մարզպետարանի նախաձեռնությամբ ցանկապատվել, բարեկարգվել է շրջակայքը: Այնպես որ, առաջիկայում այս վայրը գյուղի բնակչության համար լավ հանգստավայր դառնալու միտում ունի:
Հանդիսությունը սկսվեց Թալինի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հայկ քահանա Սահակյանի կողմից մատուցված Տերունական աղոթքով եւ հոգահանգստի կարգով: Ապա բացման խոսքով հանդես եկավ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նա մանրամասներ ներկայացրեց գնդապետ Հովհաննես Մազմանյանի գործունեության, նրա եղերական վախճանի մասին:
-2012 թվականին լրացավ գնդապետ Հովհաննես Մազմանյանի ծննդյան 120 ամյանը: Ղարսի հանձնումը չհանդուրժած գնդապետն իր ինքնասպանության վճիռը կայացնելու պահին ընդամենը 28 կամ 30 տարեկան է եղել: Նրա հերոսական կերպարը այսօր էլ ոգեշնչման աղբյուր է սերունդների համար: Այդ երախտիքի առհավատչյան այսօրվա կիսանդրու տեղադրումն է, որի քանդակագործը Հարություն Վահանյանն է: Այն յուրահատուկ խորհուրդ ունի` սերունդներին ի պահ տալ գնդապետ Հովհաննես Մազմանյանի փառավոր եւ հերոսական անունը,-ասաց նա:
Հովհաննես Մազմանյանի մասին գրական-գեղարվեստական պատումով հանդես եկան Մաստարայի դպրոցականները:
Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը տրվեց մարզպետ Սարգիս Սահակյանին եւ ,,Փյունիկ,, հիմնադրամի տնօրեն Լևոն Սարգսյանին: Նրանք նաեւ խորհրդանշական ծառեր տնկեցին նորաստեղծ պուրակում:
Ավարտին մասնակիցները մոմավառություն կատարեցին Մաստարայի 5-րդ դարի կառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում: