Նորություններ
Փոքրիկների համար օրը թումանյանական էր
28.11.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների համար նոյեմբերի 28-ը թումանյանական էր: Դասվար Գոհար Ավագյանի ղեկավարությամբ նրանք միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված մեծն Հովհաննես Թումանյանին:
Իրենց հանդիսատեսին՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանին, Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աշխատակիցներին, ծնողներին, ուսուցիչներին, նրանք ներկայացրին այն ամենը, ինչը որ գիտեին Թումանյանի մասին: Ծավալուն մեկնաբանություն կատարեցին նրա կյանքի, գրական գործունեության վերաբերյալ:
Երեխաները մեծագույն հաճույքով եւ հուզականությամբ կատարեցին մանուկների համար գրված գողտրիկ բանաստեղծությունները՝ ,,Խրճիթում,, , ,, Առաջին ձյունը,, , ,,Առվակ,, եւ այլ ստեղծագործութնուններ: Փոքրիկների մեկնաբանությամբ բավականին հետաքրքիր հնչեցին բանաստեղծի խոհա-փիլիսոփայական քառյակները, հեքիաթները: Առանձնակի հետաքրքությամբ դիտվեց հանրածանոթ ,,Շունն ու կատուն,, բալլադի բեմականացումը: Թե՛ այս ելույթներում, եւ թե՛ կատարված երգերում վերստին հաստատվեց այն ճշմարտությունը, թե որքան ժողովրդական ու համնազգային է մեծն Թումանյանը, եւ որքան սիրելի են նրա բանաստեղծությունները բոլորին եւ բոլոր ժամանակներում:
Երեխաների կատարած աշխատանքը բարձր գնահատեցին հյուրերը: Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը նշեց, որ նման միջոցառումները երեխաների մոտ գեղագիտական ճաշակ ձեւավորելուց բացի, լավագույն միջոց են նրանց մեջ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու եւ գրքի հետ կապելու համար: