Նորություններ
Հոբելյանական միջոցառում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում
07.11.2013
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/4194_s.jpg)
Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն թանգարանը Արագածոտնի մարզի եւ մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մշակութային կարեւոր օղակներից մեկն է, որտեղ պարբերաբար ամենատարբեր բնույթի միջոցառումներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, ավանդական ծեսերին նվիրված տոնահանդեսներ են կազմակերպվում:
Հերթական հավաքը նվիրված էր թանգարանի գործունեության մեջ մեծ վաստակ ու ներդրում ունեցող, մարզում եւ Աշտարակում ճանաչված, հարգված ու սիրված տիկնոջ՝ Արմիդա Ղամբարյանի աշխատանքային գործունեության 60 ամյակին: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտի տնօրեն Կարո Վարդանյանը, հոբելյարի հարազատները, մտերիմները, գործընկերները, Պերճ Պռոշյանի ժառանգները եւ այլն:
Հավաքույթը սկսվեց տիկին Ղամբարյանի մասին պատմող տեսանյութով, որը նրա կենսագրական, աշխատանքային եւ հասարակական գործունեության յուրատեսակ համագումարն էր: 60-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում նա առաջնորդվել է ազգային մշակույթի անցյալին, ներկային ու վաղվա օրվան ծառայելու նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ:
1951 թվականին ավարտել է Ոսկեվազի միջնակարգ դպրոցը, իսկ 1956 թվականին՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Եղվարդի դպրոցում: Ապա մանկավարժությունը շարունակել է Ավանի, Կարբիի, Մուղնիի, Աշտարակի Պերճ Պռոշյանի եւ Ներսես Աշտարակեցու անվան դպրոցներում: Հատկանշական է, որ նա, սովորաբար, ընդունելով առաջին դասարանը, այն հասցրել է մինչեւ ավարտականը:
1973 թվականից Արմիդա Ղամբարյանը տեղափոխվել է աշխատանքային այլ բնագավառ՝ թանգարանային աշխարհ, որին նվիրվել է մեծագույն սիրով ու լիարժեքորեն: Հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ, եղել են ձեռքբերումների տարիներ, որոնք նաեւ ուսանելի են դարձել նրա համար: Մի քանի անգամ գուծուղումներ է ունեցել Մոսկվա եւ այլ քաղաքներ: Հանդիպումների, շփումների ու համառ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել, հարստացնել ու պահպանել Պերճ Պռոշյանի անձնական իրերը, գույքը, նրա մասին պատմող արժեքավոր նյութերը, որոնց շնորհիվ թանգարանն այսօր իր այցելուների համար ցուցադրության մեծարժեք հավաքածու ունի:
Իր աշխատած տարիներին բազմաթիվ միջոցառումներ, անմոռաց հանդիպումներ են կազմակերպվել: Այստեղ հյուր են եղել Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը, Անահիտ Ցիցիկյանը, Գեղամ Գրիգորյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Ալիս Հեքիմբաշյանը, Ժան Էլոյանը, Վլադիմիր Աբաջյանը, Յուրի Ամիրյանն ու Ժենյա Ավետիսյանը, ,,Սայաթ-Նովա,, աշուղական անսամբլը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, հանրաճանաչ ու սիրված այլ արվեստագետներ, մշակույթի գործիչներ:
Արմիդա Ղամբարյանին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Կարեւորելով թանգարանի ձեռքբերումներում տիկին Ղամբարյանի մեծ վաստակը, մարզպետն ասաց, որ նա հին ու նոր Աշտարակի պատմության մեջ յուրատեսակ կամուրջ է ստեղծել եւ այն փոխանցել է սերունդներին:
Հոբելյարին շնորհավորանքի խոսք ասաց նաեւ Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտի տնօրեն Կարո Վարդանյանը: Նա ասաց, որ տիկին Արմիդայի մասնագիտական երկարամյա գործունեությունը լավատեսություն է ներշնչում, հաստատում թանգարանային գործի կարեւորությունը: Թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Կարո Վարդանյանը նրան փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պատվոգիրը:
Բազմաթիվ էին տիկին Ղամբարյանին շնորհավորելու, նրան գնահատանքի եւ շնորհակալության խոսք ասելու ցանկություն ունեցողները: Նրա թոռնուհին, տարբեր տարիների աշխատանքային գործընկերները, մտերիմները հոբելյարին որակեցին իբրեւ ազնիվ, նվիրված, արդարամիտ, իր սկզբունքներին անդավաճան ու բարի մարդ:
Հետաքրքիր հուշապատումներով հագեցած հավաքույթի ընթացքում հնչեց հոգեթով երգ-երաժշտություն: