Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանում նշվեց սոցիալական աշխատողի օրը

04.11.2013

Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ոլորտի աշխատողների մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Արագածոտնի մարզպետարանում: Հրավիրյալների մեջ ներկա էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:
Շնորհավորելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ իր գործունեության գլխավոր հիմնախնդիրներից մեկը նա համարում է խոցելի խմբերին աջակցելը:-Դուք ձեր գործը կատարում եք աշխատավայրում: Սակայն, այդ գործում դուք միայնակ չեք: Ձեր կողքին կանգնած է երկրի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի: Քաղաքացիների կենսապահովման խնդիրների բարելավման ուղղությամբ դրսևորվում է ամենօրյա հետեւողականություն, ուշադրություն եւ գործնական աջակցություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարար Արտեմ Ասատրյանը ողջունեց մարզի սոցիալական աշխատողներին եւ շնորհակալություն հայտնեց մարզպետ Սահակյանին՝ Սոցիալական աշխատողի օրը տոնական դարձնելու համար: Դառնալով սոցիալական աշխատողի առանձնահատկություններին, նա ասաց, որ երկրու, իրականացվող համակարգային փոփոխությունները միտված են հասարակության բոլոր շերտերի, այդ թվում՝ խոցելի խմբերի կենսամակարդակը բարելավելուն:
Բազմաթիվ են մարզի քաղաքացիներին մատուցվող սոցիալական բնույթի ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք արժանանում են բնակչության գոհունակությանը: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց դրանց ընդհանուր նկարագիրը՝ մեկտեղելով լուսանկարների եւ տեսապատկերների ցուցադրությունը:
Յուրաքանչյուր ուրբաթ, մարզպետի մոտ կայացող քաղաքացիների ընդունելությունների օրերին, շատ խնդրահարույց հարցեր գտնում են իրենց դրական լուծումները: Հաշվի առնելով տեղափոխման դժվարությունները, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մարզպետը լինում է մարզի բոլոր տարածքներում եւ համայնքներում հանդիպում բնակիչների հետ:

Վերջին մեկ տարվա ընթացքում անօթևան 4 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրում մեծանում է 6-7 անչափահաս, Սարգիս Սահակյանի կողմից նվեր են ստացել սեփական բնակարաններ, ինչը որ այդ ընտանիքների բաղձալի երազանքն էր: Նրանցից մեկը Քուչակից Վոլոդյա եւ Քնարիկ Պետրոսյանների ընտանիքն է, որտեղ 6 արու զավակ է մեծանում: Նրանց ներկայիս կիսավեր բնակարանի հարեւանությամբ նոր բնակարան է նվիրաբերվել: Այնտեղ այժմ վերանորոգում է ընթանում, եւ ընտանիքը Ամանորը կդիմավորի արդեն նոր՝ հարմարավետ բնակարանում:
Հաջորդ ընտանիքը Սասունիկում 15 տարի խարխուլ տնակում բնակվող Շողակաթ Պետրոսյան եւ Ժորա Նազարյան ամուսիններինն է: 2 աղջիկ և 5 տղա ունեցող այս ընտանիքն այլևս հնարավորություն չուներ տեղավորվելու այդ նեղլիք ու կիսավեր տնակում: Եվ մարզպետը բոլոր հարմարություններով ու կահավորված բնակարան նվիրեց ընտանիքին:
Լեռնարոտում բնակվող Տաթեւ եւ Գևորգ Ազատյանների ընտանիքն ապրում է հողածածկ, խարխուլ հյուղակում, որտեղ ամեն րոպե վտանգված է 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի ապահովությունը: Մարզպետը նրանց համար էլ գնեց բետոնե հյուղակի հարևանությամբ գտնվող բնակարանը :
Անասելի էր Հակոբ Հարությունյանի եւ կնոջ՝ Արմինեի կեցության պայմանները Աշտարակ քաղաքում: Կնոջ եւ 2 անչափահաս երեխայի հետ նա բնակվում էր գետնախորշում: Աշտարակի հատուկ դպրոցում մեկ սենյակ առանձնացվեց նրանց համար: Տրամադրվեց նաեւ կեցության համար առաջին անհրաժեշտության գույք, պարագաներ, մթերք՝ ընտանիքին հասարակություն վերադարձնելու համար:
Մարզպետի նվիրատվության շնորհիվ սեփական բնակարանի տեր է դարձել նաեւ Նոր Արթիկ համայնքում բնակվող Ստեփան եւ Լենա Սահակյանների ընտանիքը: Մինչ նոր բնակարան ունենալը, 2 տղա եւ 4 աղջիկ ունեցող այս բազմանդամ ընտանիքը բնակվում էր կիսաքանդ եւ վթարային տանը:
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, մարզպետը այցելություններ է ունեցել մի խումբ տարեցների եւ շնորհավորանքի հետ իր խորհրդանշական նվերները մատուցել բոլորին:
Սահակյան գերդաստանից Խորեն Սահակյանի անձնական նվիրատվությամբ 3 տարի անընդմեջ 10 հազարական դոլար է փոխանցվել ,,Մարտիկ,, հիմնադրամին: Այդ գումարները նպատակաուղղվել են զոհված ազատամարտիկների եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների երեխաների ուսման ծախսերի տրամադրմանը: Ազատամարտիկների, պայմանագրային զինծառայողների 200 ընտանիք 2011 թվականի տարեվերջին ստացավ դրամական աջակցություն:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները համագործակցության նոր եզրեր են փնտրում միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հետ: Ներկայումս ընթանում է ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Աչքի հետազոտություններ եւ բուժման գործընթացը կազմակերպվում է բոլոր տարածաշրջաններում, որի համար կազմվել է ժամանակացույց: Ծրագիրը գործելու է մինչեւ դեկտեմբերի 12-ը:
Մարզի քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը միտված ամբողջ գործունեությունը լույսի եւ հույսի կամուրջ է կապում Արագածոտնի բնակիչների համար:
Սոցիալական աշխատանքի օրվա եւ բարեխիղճ աշխատանքի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարարի շնորհակալագրով եւ մարզպետ Սարգիս Սահակյանի պատվոգրով:
Մասնագիտական տոնի կապակցությամբ սոցիալական աշխատողներին համերգային ողջույն հղեցին մարզի մշակութային խմբերն ու անհատ կատարողները, որին հաջորդեց տոնական հյուրասիրությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14