Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը

02.11.2013

Նոյեմբերի 1-ին կայացավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը, որտեղ ամփոփվեցին 2013 թվականի 9 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները:
Ասուլիսի սկզբում մարզպետը լրագրողներին տեղեկացրեց իր նախաձեռնությամբ տպագրության պատրաստվող մարզի պատմամշակութային արժեքների մասին պատմող ,,Արագածոտն,, գրքի մասին: Քննակվեցին մեծածավալ այդ հրատարակության բովանդակային, գեղարվեստական եւ տպագրական խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց լուծելու համար ստեղծվելու է խմբագրական խորհուրդ:
Այնուհետեւ, մարզպետը ընդարձակ տեղեկատվությամբ ներկայացրեց բոլոր ոլորտներում մարզում իրականացված ծրագրերը, առաջիկա խնդիրները:
Անդրադառնալով գյուղատնտեսությանը, մարզպետն ասաց, որ տարին, ընդհանուր առմամբ, հաջող էր: Թեպետ, որոշ համայնքներում ցրտահարություն եւ կարկտահարություն արձանագրվեց, սակայն, դա էական ազդեցություն չունեցավ վերջնական արդյունքի վրա: Խաղողագործները հնարավորություն ունեցան 6700 տոննա խաղող մթերել, եւ ժամանակին ստանալ գումարները: Վերջին 3-4 տարում գինու-կոնյակի արտադրության մի քանի գործարաններ են բացվել մարզում, որով էլ պայմանավորված՝ մթերման խնդիր չկա: Ավելին, այդ ձեռնարկությունների մեջ մրցակցություն է լինում, որից շահում են խաղողագործները:
Գյուղատնտեսական մթերքների գրեթե բոլոր ճյուղերում արտադրանքի ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշերը: Արտադրվել է 73 հազար 423 տոննա հացահատիկ, 39.2 տոննա կարտոֆիլ, 39.5 տոննա բանջարեղեն եւ այլն: Մեծապես ընդարձակվել են մշակովի ցանքատարածությունները: Այդ ամենին էապես նպաստել են գյուղացիական տնտեսություններին 8-10 %-ով տրվող գյուղացիական վարկերը, ինչպես նաեւ կառավարության կողմից համայնքներին մատչելի պայմաններով հացահատիկի սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութի տրամադրումը: Այժմ տնտեսություններին հատկացվում է կրծողների դեմ թունաքիմիկատ:
Ներդրումային լուրջ ծրագրեր են իրականացվել տնտեսության մեկ այլ ոլորտում՝ քաղաքաշինության մեջ: ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի պատվերով վերանորոգվել են մի շարք կրթական, մշակութային օբյեկտներ, հանրային նշանակության կառույցներ: Հիմնանորոգվել են Ծաղկահովիտի, Մաստարայի, Բյուրականի, Քուչակի դպրոցները, նոր դպրոցներ են կառուցվում Լեռնապարում, Վարդենիսում, ընթանում է նաեւ Աշտարակի մարզադպրոցը կառուցումը: Մարզպետարանի պատվերով հիմնանորոգվել են Աշտարակի թիվ 3 եւ Փարպիի դպրոցները: Մշակույթի նախարարության պատվերով վերանորոգվում են Արուճի, Հարթավանի, Իրինդի, Ավանի, Ոսկեվազի եկեղեցիները:
Համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ լուծվում են կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրով: Այսպես, 4-րդ հրատապով իրականացվել են Օշական համայնքի կամրջի, Ավան համայնքի խմելու ջրի կապտաժի, Աշտարակի մշակույթի տան լոկալ ջեռուցման համակարգի կառուցումը, Սարալանջ համայնքի գազիֆիկացումը: Վերանորոգվել են Նոր Եդեսիա, ՈՒջան, Իրինդ, Վ. Սասնաշեն համայնքների, Ապարան քաղաքի թիվ 1, Թալին քաղաքի թիվ 2 դպրոցները, Ագարակավանի մշակույթի տունը, Ղազարավանի ներհամայնքային ճանապարհը, Արտենիի Բաղրամյան 16 բազմաբնակարան շենքի տանիքը, Թթուջուր համայնքի կամուրջը, Կաքավաձորի դպրոցի մարզադահլիճը եւ բազմաթիվ այլ կառույցներ: Կարեւոր աշխատանքներից էր Իրինդ, Ծաղկահովիտ, Արագածոտն գյուղական համայնքների փողոցների լուսավորության համակարգի անցկացումը: 4-րդ հրատապով իրականացված ծրագրերի գումարը, ընդհանուր առմամբ, կազմել է 555 մլն. 537 հազար դրամ:
Պետական բյուջեով եւ ՀՀ նախագահի խոստումների շրջանակում երկրաշարժից բնակարան կորցրած եւ փոխհատուցում չստացած ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի ԲԳՎ ծրագրով: Մեկ սենյականոց ստացողների համար, որոնց թիվը 22 է, բնակարան գնելու համար արդեն հատկացվել է համապատասխան փոխհատուցում՝ յուրաքանչյուրին 3 մլն. դրամի չափով, իսկ 2, 3 եւ 4 սենյականոց ստացող ընտանիքները 38-ն են: Նրանց համար 2014 թվականին կկառուցվեն բնակարաններ:
Մարզպետը տեղեկացրերց, որ իր հանձնարարականով մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները համագործակցության նոր եզրեր եհ փնտրում միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հետ: Արդյունքում՝ բազմապիսի ծրագրեր իրականացվում են նրանց ներդրումներով: ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվում են Օշականի միջնակարգ եւ Մելիքգյուղի հիմնական դպրոցները, իսկ ՄԱԿ-ի գրասենյակի կողմից երիտասարդական կենտրոն է կառուցվում Լեռնարոտում, եւ վերանորոգվել է Աշնակի գյուղապետարանը: Մեծածավալ ծրագրեր են կատարվում «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» կազմակերպության միջոցով: Վերանորոգվել են Եղիպատրուշ եւ Նիգավան համայնքների ոռոգման ջրագծի ցանցը, Հարթավանի, Շենավանի դպրոցների, Ծաղկաշենի մանկապարտեզի տանիքները, Վարդենուտի միջնակարգ դպրոցի ենթակառուցվածքները, Արեգ եւ Զովասար համայնքների դպրոցների նախակրթարանները, Քուչակի մարզադահլիճը, Արտենի համայնքի կիրակնօրյա դպրոցը: Հարթավանում վերանորոգվել են գյուղապետարանը եւ մշակույթի տունը, Նոր Արթիկի միջնակարգ դպրոցում էլ կառուցվել է ջեռուցման համակարգը: Իրականացվել են նաեւ Ապարան, Արագած, Արայի, Կայք եւ Սարալանջ համայնքներում մետաղական կոնստրուկցիաներով խաղասարքերի մատակարարման և տեղադրման, Թալին քաղաքում մանկական զբոսայգու կառուցման ծրագրեր: Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ խմելու ջրի ներքին ցանցի կառուցում եւ հիմնանորոգում է կատարվում Աշտարակ, Օհանավան, Մուղնի,Սասունիկ, Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական համայնքներում: Ընդհանուր առմամբ, ծրագրի արժեքը կազմում է 5,3 մլն. դրամ:
«Համայնքներին մաքուր խմելու ջրի ջրամատակարարում» ծրագիրն իրականացնում է «Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Այդ շրջանակում խմելաջրի համակարգերի, ՕԿՋ-երի վերանորոգման, կառուցման աշխատանքներ են կատարվում գյուղական համայնքներում: Արդեն ավելի քան 4 տարի մարզում աշխատող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի ծրագրեր է իրականացում շուրջ 10 համայնքում:
Մարզում իր գործունեությունը ընդարձակելու ծրագիր ունի ,,Հայաստանի մանուկների հիմնադրամ,,-ը, որի կողմից ներկայումս Արտենի համայնքի միջնակարգ դպրոցում կատարվում է մասնակի վերանորոգում: Իսկ ԻՖԱԴ-ի ծրագրով մարզի 11 համայնքում կատարվել է գազաֆիկացման աշխատանքներ:
Ճանապարհաշինության ուղղությամբ, ի թիվս մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման եւ պահպանբման աշխատանքների, մարզպետն առանձնացրեց երկու ընդգրկուն ծրագիր: Այն է՝ հանրապետական նշանակության Ագարակ-Բյուրական-Անտառուտ 8.6 կմ հատվածի վերանորոգումը, որի աշխատանքներն ավարտման փուլում են եւ Արմավիր–Գյումրի-Վրաստանի սահման/Քարակերտ- Գետափ ճանապարհի 24 կմ հատվածի վերանորոգումը: Այս երկու ծրագրերն էլ իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Անդրադառնալով լրագրողների՝ առողջապահության ոլորտին առնչվող հարցերին, մարզպետն ասաց, որ ուշադրություն է դարձվում համայնքներում բժշկական ծառայությունների մատուցմանը: Մարզպետարանի եւ ՀՀԿ մարզային կազմակերպության կանանց խորհրդի նախաձեռնությամբ ,,Բաց դռներ,,-ի ակցիաներ են կազմակերպվել Բյուրականում, Աշտարակում եւ մյուս տարածաշրջաններում: Ներկայումս ընթացքի մեջ է ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Աչքի հետազոտություններ եւ բուժման գործընթացը կազմակերպվում է բոլոր տարածաշրջաններում, որի համար կազմվել է ժամանակացույց: Ծրագիրը գործելու է մինչեւ դեկտեմբերի 12-ը:
Միաժամանակ իրականացվում են բժշկական հաստատությունների վերանորոգման եւ ժամանակակից սարավորումներով ու գույքով կահավորման աշխատանքներ: Բոլորովին վերջերս հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց Ն. Բազմաբերդի պոլիկլինիկան: Համանման ծրագրեր են իրականացվում նաեւ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Դիակոնիա կազմակերպության միջոցով: Առաջիկա ծրագրերի մեջ է Աշտարակի բժշկական կենտրոնի տանիքի, ինչպես նաեւ վերակենդանացման բաժանմունքի ու ծննդատան հիմնանորոգումը:
Կրթության ոլորտում մարզպետն առանձնացրեց դպրոցների շենքային պայմանների նկատելի բարելավումը՝ շնորհիվ դպրոցաշինության մեծածավալ աշխատանքների: ,,Կրթության որակ և համապատասխանություն,, , ,, Վորլդ Վիժն ,, եւ ,,Սեյվ դը չիլդրն,, միջազգային բարեգործական կազմակերպությունների կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում, ընդհանուր առմամբ, բացվել է 40 նախակրթարան: 38 դպրոցում աշակերտներն օգտվում են ,, Դպրոցական տաք սնունդ,, ծրագրից:
Լրագրողների կողմից հարցադրումներ եղան բնակիչների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ: Մարզպետ Սահակյանն ասաց, որ իր գործունեության գլխավոր հիմնախնդիրներից մեկը համարում է խոցելի խմբերին աջակցելը: Յուրաքանչյուր ուրբաթ, մարզպետի մոտ կայացող քաղաքացիների ընդունելությունների օրերին, շատ խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ դրամական օգնության, գտնում են իրենց դրական լուծումները: Հաշվի առնելով տեղափոխման դժվարությունները, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ նա լինում է մարզի բոլոր տարածքներում եւ համայնքներում հանդիպում բնակիչների հետ: Վերջին 1 տարվա ընթացքում անօթևան 4 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրում մեծանում է 6-7 անչափահաս, մարզպետի կողմից նվեր են ստացել սեփական բնակարաններ:
Նշվեց նաեւ, որ տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից սոցիալական աջակցություն են ստանում սոցիալապես անապահով ընտանիքների անդամները: Առանձնակի մոտեցում է ցուցաբերվում է ազատամարտիկներին, պայմանագրային զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Ուշադրությունից դուրս չեն նաեւ Սիրիայից Արագածոտնում բնակություն հաստատած ընտանիքները: Նոյեմբերի էին մարզպետը հանդիպում ունեցավ նրանց հետ, քննարկվեցին վերաբնակեցման հետ կապված խնդիրներ, ,,Առաքելություն Հայաստան,, կազմակերպության կողմից տրվեցին առաջին անհրաժեշտության իրեր, պարագաներ: Կարեւորեց նաեւ Տարեցների օրվան նվիրված իր այցելությունը մի խումբ վաստակաշատ տարեցների,
Տարվա ընթացքում բազմաթիվ մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնցից են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 68-րդ և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին, Մայիսի 28-ին Բաշ Ապարանի Ճակատամարտի օրվան, Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին նվիրված միջոցառումները եւ բազմաթիվ այլ ազգային տոնախմբություններ, թեմատիկ օրեր, ցուցադրություններ, հանդիպումներ:
Մարզպետը պարզաբանում տվեց նաեւ լրագրողների կողմից բարձրացված համայնքների խոշորացմանը, մանկական զբոսայգիների, խաղահրապարակների ստեղծմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող եւ այլ հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14