Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց սիրիահայերին

01.11.2013


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպում ունեցավ մարզում բնակություն հաստատած սիրաիահայ 11 ընտանիքի հետ: Անմիջական զրույց ընթացավ սիրիահայերի՝ մայր հայրենիքում տեղափոխվելու եւ դրա հետ կապված բազմաթիվ հարցերի շուրջ:
Արագածոտնում սիրիահայերը բնակվում են ինչպես Աշտարակ քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում, մի մասը՝ վարձով բնակարարններում կամ հարազատների մոտ, կան նաեւ սեփական բնակարան ձեռք բերածներ:
Անդրադառնալով նրանց բնակարանային խնդիրներին, մարզպետ Սահակյանն ասաց, որ Աշտարակ քաղաքում անհատույց հողատարածք է տրամադրվել ,,Նոր Հալեպ,, թաղամասի կառուցման համար, եւ այդ ծրագիրն արագ իրականացնելու համար հնարավորինս օգտագործվում է տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների ու անհատ բարերարների աջակցությունը:
Մարզպետը զուգահեռներ անցկացրեց հայոց պատմության անցյալի եւ ներկայի միջեւ, նշելով, որ սիրիահայերը այն նոր սերունդն են, որին, ցավոք, վիճակվեց կրել իրենց նախնիների ապրած դառնություններն ու կորուստը: Սակայն, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում, Սիրիայի մեր հայրենակիցներին ցուցաբերվում է ամենայն ուշադրություն ու հոգատարություն, որպեսզի նրանք այստեղ կայանան եւ հայրենիքում շարունակեն իրենց հետագա կյանքը:
Չժխտելով, որ իրենց հիմնական բնակավայրերից մազապուրծ լինելն ու տեղափոխվելը բազմաթիվ դժվարություններ է հարուցել, սիրիահայերը հաստատեցին, որ հայրենիքում են նրանք տեսնում իրենց ապագան: Կեւորկ Բեյազբեկյանը՝ կնոջ եւ երկու մանկահասակ դուստրերի հետ, Հալեպից է տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Աշնակ գյուղում: Նրա կարծիքով, նոր բնակավայրում հաստատվելը որքան էլ դժվարություններ ունենա, միեւնույն է հայրենիքի ուժը զորեղ է, եւ ապահովությունն այստեղ իրենց համար ակնհայտ է: Նա գոհունակություն հայտնեց այն ուշադրության համար, որին արժանանում են իրենք հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից:
Նույն տրամադրվածությունն ունի նաեւ սիրիահայ բժիշկ Փուզանթ Քանքեջյանը: Նա ընտանիքով բնակություն է հաստատել Ծաղկահովիտ գյուղում եւ իր մասնագիտությամբ աշխատում է տեղի բժշկական կենտրոնում:
-Արդեն շուրջ 70 վիրահատություն եմ արել,-հպարտությամբ ասում է նա, եւ նշում, որ եթե սեփական բնակարան ունենա, հիմնավորապես կհաստատվի այստեղ: Մարզպետն էլ խոստացավ, որ անպայման կլուծվի Ծաղկահովիտում բնակարան ունենալու նրա խնդիրը:
Սիրիահայերին իրենց աջակցության ծրագիրը մատուցեց ,, Առաքելություն Հայասատան,, բարեգործական հիմնադրամը: Ընտանիքներին հատկացվեց սնունդ, հիգիենիկ ,խոհանոցային, անկողնային պարագաներ, հագուստեղեն եւ այլն: Ինչպես մարզպետը, այնպես էլ ,, Առաքելություն Հայասատան,,-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ պատրաստ են սիրիահայերի հետ քննարկելու ցանկացած հարց եւ աջակցելու նրանց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14