Նորություններ
Տպագրության է պատրաստվում ,,Արագածոտն,, գիրքը
26.10.2013

Արագածոտնի մարզում տպագրության է պատրաստվում մարզի պատմա-մշակութային արժեքների մասին պատմող հանրագիտարանային գիրք: Այդ նախագիծը քննարկելու համար կայացավ ,,Արագածոտն,, գրական-մշակութային միավորման հերթական հանդիպումը, որին,ի թիվս ծնունդով արագածոտնեցի, հանրապետության ճանաչված գրողների, գրական, մշակութային գործիչների, մասնակցում էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը, ում անմիջական աջակցությամբ էլ տպագրվելու է գիրքը:
Ողջունելով անվանի մտավորականներին, մարզպետը բացման խոսքում նշեց, որ ,,Արագածոտն,, գրական-մշակութային միավորման հետ բազմաթիվ ծրագրեր են նախատեսել, որոնցից կարեւորագույնը վերոհիշյալ գրքի հրատարակությունն է: Այդ գործում ակնկալվում է մարզին քաջածանոթ մտավորականների համագործակցությունը:
Մարզպետը տեղեկացրեց նաեւ, որ իրականացման ընթացքում է մարզի ականավոր գրողների հանրահայտ ստեղծագործությունների թվայնացման գործը: Այդ ծրագրի մեջ ընդգրկված են Խաչիկ Դաշտենցի ,,Ռանչպարների կանչը,, , ,, Մուշեղ Գալշոյանի ,,Ձորի Միրոն,,:
Մարզի գրական-ստեղծագործական ծրագրերի մասին խոսեց ,,Արագածոտն,, գրական-մշակութային միավորման նախագահ Արեւշատ Ավագյանը: Նա ասաց, որ ուրախությամբ է նշում, որ իրենց բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքում զգում է մարզպետի հետեւողական վերաբերմունքը, որն արտահայտվում է իրենց գործունեությունը ակտիվացնելու միտումով: Նա ներկայացրեց այն միջոցառումները, որոնք արդեն իրականացվել են միավորման կողմից եւ տեղեկացրեց առաջիկա ծրագրերը:
Արագածոտնի մասին պատմող տպագրվելիք գրքի կազմակերպչական հարցերի, ինչպես նաեւ իրենց ստեղծագործական ընթացքի, նորությունների մասին պատմեցին ներկաները` գեղարվեստական, գրականագիտական եւ հրապարակախոսական աշխատություններով հայ ընթերցողին քաջածանոթ ու սիրված ստեղծագործողներ Ռուզան Ասատրյանը, Անահիտ Արփեն, Սասուն Գրիգորյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Ռաֆայել Սահակյանը, Երվանդ Պետրոսյանը, եւ այլ մտավորականներ:
Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը մասնակիցներին ներկայացրեց Հովսեփ Նալբանդյանի` վերջերս տպագրված ,,Մեսրոպ Մաշտոց հիասքանչը,, գիրքը, նշելով որ մաշտոցյան թեմաներով գրական հավաքածուի մեջ տեղ են գտել նաեւ մեր հայրենակիցներ Սասուն Գրիգորյանի, Հովիկ Հովեյանի, Արեւշատ Ավագյանի ստեղծագործությունները:
Հանդիպումն ավարտվեց այն մտայնությամբ, որ հաջորդ հավաքը կկայանա նոյեմբերի 20-ին` Օշականում: Այստեղ կազմակերպվելու են գրքերի քննարկումներ, գեղանկարչության ցուցադրություն: