Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը

25.10.2013


Արագածոտնի մարզի Օշականի Դպրատանը կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան 7-րդ մրցույթի մարզային փուլը: Այն այս տարի կրում էր ,,Մեր լեզուն, մեր հայրենիքը,, խորագիրը:
Մրցույթի հրավիրյալների մեջ էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, հանրաճանաչ դերասաններ, մշակույթի, գրականության մասնագետներ: Ներկայացուցչական ժյուրին ղեկավարում էր ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Իսկ կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, գրող Ռազմիկ Դավոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը, բանասիրության այլ մասնագետներ:
Մրցույթի կանոնակարգի համաձայն, մասնակիցները մրցեցին երկու տարիքային խմբերով` 11-14 եւ 15-17 տարեկաններ: Մարզային փուլին մասնակցեց 40 դպրոցական,  ովքեր ներկայացնում էին մարզի 4 տարածաշրջանները: Ասենք,որ մինչ այս փուլը, հոկտեմբերի 16-18-ը կայացել էր տարածքային փուլը, որտեղ լավագույնս ներկայացած մասնակիցները իրավունք էին ստացել ընդգրկվելու մարզային փուլին:
Պատանի ասմունքողներն իրենց ծրագրում ընդգրկել էին Հովհաննես Թումանյանի, Համո Սահյանի, Պարույր Սեւակի, Վահան Թեքեյանի,Ավետիք Իսահակյանի, Ռազմիկ Դավոյանի եւ հայ գրականության այլ նշանավոր դեմքերի` հայրենիքի ու հայրենասիրության թեմաներով գրված ստեղծագործությունները:
Երկար եւ ուշադիր ունկնդրումից հետո մասնագիտական ժյուրին որոշեց հաղթողներին: Ըստ այդմ, 11-14 տարեկանների մեջ առաջին տեղը գրավեց Ագարակի դպրոցի աշակերտ Սարգիս Մելքոնյանը, երկրորդ տեղը` ապարանցի Ազատ Ասլանյանը, երրորդը` Բազմաղբյուրի դպրոցի աշակերտուհի Արաքսյա Սամվելյանը: 15-17 տարեկանների մեջ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Անուշ Ներսիսյանը (Օշականի միջնակարգ դպրոց), Նունե Եղիշյանը (Կոշի միջնակարգ դպրոց ) եւ Լիլիթ Սարգոյանը (Կարմրաշենի միջնակարգ դպրոց): Եղան նաեւ լրացուցիչ մրցանակներ: Հաղթական տեղեր զբաղեցրած այս աշակերտները կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին,որը կկայանա նոյեմբեր ամսին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14