Նորություններ
Արագածոտնը հաջողությամբ մասնակցեց «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին
18.10.2013

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին հաջողությամբ մասնակցեց Արագածոտնի մարզը:
Ցուցահանդեսում մարզի տաղավարը ներկայացնում էին մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը եւ Մուշեղ Աբգարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ եւ մասնագետներ: Այստեղ տեղ էին գտել օրգանական բարձրակարգ բանջարեղենի 50 տեսականիներ, խնոցի, տապակած ավելուկ, ղափամա, սուջուխ, ալանի, չամիչ, մեղր, կաթնամթերք, թխվածքներ եւ հացամթերք, մրգեղենի ամենատարբեր տեսակներ եւ այլ ցուցադրություններ: Այս ամենը մարզի գյուղացիական տնտեսությունների արտադրած մթերքների մի մասն է, որոնց հանդեպ մեծ հետաքրքրություն դրսեւորեցին բազմաթիվ այցելուները:
Մարզի տաղավարի մոտ այցելեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա առանձնակի ուշադրություն դարձրեց հատկապես հանրապետությում եզակի արտադրատեսակ համարվող օրգանական բանջարեղեններին, համտեսեց ֆիզալիս, ելակի ֆիզալիս բանջարեղենները: Նախագահը ծանոթացավ նաեւ ցուցատախտակի վրա ներկայացված գյուղատնտեսական արտադրության ցուցանիշերին: Ի դեպ, շնորհիվ մարզպետ Սարգիս Սահակյանի հետեւողական աշխատանքի, ոլորտում բոլոր ուղղություններով ցուցանիշերը նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարձր են: