Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Սուջուխի փառատոն,,` Արագածոտնում

14.10.2013

Արագածոտնի մարզպենտրոն Աշտարակում կայացավ,, Սուջուխի փառատոն,, , որի նախաձեռնողը Հայաստանի Հանրապետական կուսակցության Աշտարակի կանանց խորհուրդն էր: Միջոցառման համար բեմահարթակ էր դարձել Պերճ Պռոշյանի անվան դպրոցի բակը` հարակից պտղատու այգով:
Կրթության, առողջապահության, սոցիալական, գաղափարական բնագավառների ոլորտների, հանրակրթական դպրոցների աշխատակցուհիների, եւ անհատ տնտեսուհիների ջանքերով սեղաններ էին բացվել, որտեղ ներկայացված էին ազգային-ավանդական ուտեստների տեսականիներ, աշնանային մրգեր, անուշեղեն: Այս ամենին կոլորիտային երանգավորում էին տալիս հայուհիների կողմից ոչ վաղ անցյալում կատարվող աշխատանքային պատառիկների ներկայացումները: Մի տեղ արշտա էին պատրաստում, մեկ այլ մասում` հաց թխում, բուրդ մանում, էրկանքով ցորեն աղում եւ այսպես՝ շարունակ:
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հրավիրյալներ, այդ թվում` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ այլ պատգամավորներ, ,,Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը,, գրքի հեղինակ Հովսեփ Նալբանդյանը, ,,Դար,, տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ գրողների եւ նկարիչների միությունների անդամ Սվետլանա Հակոբյանը, նույն հիմնադրամի հրատարակչության տնօրեն Վարդան Բաղդասարյանը եւ այլ հյուրեր:
Բացելով փառատոնը, ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի նախագահ, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանն ասաց, որ խորհուրդն իր առջեւ խնդիր է դրել իրականացնել տարբեր ակցիաների շարք, այդ թվում նաեւ` ,,Սուջուխի փառատոն,,-ը: Մինչ այս, հուկտեմբերի 1-ին` տարեցների օրը, արդեն կազմակերպվել է այցելություն մարզի տարբեր համայքներում բնակվող շուրջ 60 տարեցի: Նկատի ունենալով, որ սուջուխի մատրաստման հումքը ընկույզն է, հյուրերը կատարեցին ծառատունկ:
Մինչ մասնակիցները սեղանների շուրջ օգտվում էին աշնանային բերք ու բարիքից, վայելում ,,Տոնացույց,, համույթի ազգային երգ ու պարի կատարումները, հմուտ տանտիրուհիները ձեռնմուխ էին եղել սուջուխի պատրաստմանը: Աշտարակյան խոհանոցի խորհրդանիշ դարձած այդ ուտեստի պատրաստման գործընթացը ներկայացվեց ամենայն մանրամասնորեն, եւ փառատոնի մասնակիցները համտեսեցին եւ հավանություն տվեցին բոլոր տնտեսուհիների աշխատանքները: Բոլոր սեղանների հեղինակները ստացան շնորհակալական պատվոգրեր:
ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի հաջորդ ակցիան լինելու է առողջապահական: Հոկտեմբերի 15-ին Աշտարակի բժշկական կենտրոնում հայտարարվելու է ,,Բաց դռներ,,-ի օր, որտեղ հիմնական աշխատաժամանակից դուրս գինեկոլոգիական, աչքի, վիրաբուժական, թերապեւտիկ, քիթ/ կոկորդ/ ականջի, մանկական, սոնոգրաֆիական, էկգ-ի ծառայություններից կօգտվեն բոլոր ցանկացողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14