Նորություններ
Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան տուն-թանգարանը 65 տարեկան է
10.10.2013
Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանը նշեց իր հերթական հոբելյանը: 65 տարի է, ինչ գործում է մեծանուն գրողի տուն-թանգարանը և այդ երկարուձիգ տարիների ընթացքում այն բազմիցս է մշակութային անցուդարձի զարկերակ դարձել: Հոբելյանի հրավիրյալներն իրենք էլ փաստում էին, որ ,,Այստեղ՝ գրողի տանը, ներշնչանքն, իսկապես, շատ է,,:
Տուն-թանգարանի հյուրերի կազմում էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և այլք:
Թանգարանի բակում առանձնացված էր նրա առօրյան ու անցած ուղին պատկերող դրվագներ:
Պռոշյանի տուն–թանգարանը հիմնադրվել է 1948թ. հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանի (Գաբուզյան) կողմից: Ինչպես այսօր, այնպես էլ հիմնադրման օրը, հյուրերով լեցուն Պռոշյանի տունը հաստատվեց գործող ու օրեցօր բարգավաճող թանգարանների շարքում: Մեծ մտավորականներ Հր. Քոչարը, Ե. Շահազիզը, Գ. Էմինը ամբիոնից ազդարարեցին թանգարանի բացման մասին: Դերասան Գևորգ Գևորգյանը Ալազանից հետո ստանձնեց թանգարանի տնօրենի պատասխանատու գործը: Հոբելյանին ներկա Արմիդա Ղամբարյանը, ով տուն-թանգարանի 3-րդ ղեկավարն է, մեծ հուզմունքով փորձեց հյուրերին ներկայացնել Պ. Պռոշյանի տուն-թանգարանը սեփական աչքերով՝ ամփոփելով աշխատանքային 36 երկարուձիգ տարիները: 2010թ.-ին բարձր գնահատելով տիկին Արմիդայի կատարած աշխատանքը՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը նրան ոսկե մեդալ է պարգևատրվել:
Տուն-թանգարանի 65 ամյակի առթիվ կազմակերպվել էր թատերական գեղեցիկ ներկայացում՝ ,,Տոնացույց,, թատրոնի մասնակցությամբ: Ուրույն էքսկուրսիա կազմակերպվեց գրողի տանը, որտեղ աշնանային գեղեցիկ ավանդույթների ցուցադրմամբ հյուրերին ներկայացվեց Պ. Պռոշյանի տան մառանը, թոնրատունը, որտեղ եռում էին ձմռան նախապատրաստական աշխատանքները:


