Նորություններ
Ոսկեհատի դպրոցում ,,Բերքի տոն,, էր
09.10.2013

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցում բազմաթիվ ավանդույթներ կան, որից մեկը աշնան երկրորդ ամսվա սկզբին ,,Բերքի տոն,,-ի կազմակերպումն էր: Տնօրեն Նելլի Նասոյանի ղեկավարությամբ՝ ողջ աշխատակազմը եւ աշակերտները ամեն ինչ արել էին, որպեսզի օրվա խորհուրդը հասանելի լիներ բոլորին: Տանտիրոջ հյուրընկալությամբ նրանք ընդունեցին հյուրերին՝ մարզպետ Սարգիս Սահակյանին, նրա տեղակալներ Նունե Մովսիսյանին եւ Մուշեղ Աբգարյանին:
Դպրոցի ամենափոքրիկները՝ նախակրթարանի եւ առաջին դասարանի աշակերտները, տոնը նշեցին իրենց դասասենյակներում: Իրենց ուսուցիչների օգնությամբ նրանք աշնանային բերք ու բարիքի սեղաններ էին բացել, որոնց շուրջ ուրախ երգեցին ու արտասանեցին:
Իսկ մեծահասակները թատերաբեմ էին դարձրել մարզադահլիճը: Այստեղ ամեն ինչ կարելի էր տեսնել՝ աշնանային հանդերձի մեջ: Ե՛ւ ազգային կերակրատեսակներով , անուշեղենի տեսականիներով, մրգերով հարուստ սեղաններ ու հյուրասիրություն, ե՛ւ աշնանային գույներով հագեցած ցուցադրություններ ե՛ւ կոլորիտային տեսարաններ:
Աղջիկներն ու տղաները նոր կերպարների մեջ էին մտել: Դահլիճի մի մասում հաց էին թխում, մյուսում սուջուխ պատրաստում, խնոցի հարում, անգամ՝ գինու համար խաղող տրորում: Հին ու նոր կենցաղը պատկերող փոքրիկ բեմականացումները շատ էին, որոնց մեջ առանձնացավ հարսանիքի նկարագրությունը՝ իր բոլոր ավանդույթներով: Իսկ բերքահավաքին մասնակցող տղաներին, ովքեր ,,աշխատանքից հոգնել եւ ընդմիջման էին նստել,, , միացավ մարզպետը: Անմիջական զրույցի բռնվելով նրանց հետ՝ նա փոքրիկներին հորդորեց, որ աշխատասեր լինեն, ապավինեն իրենց քրտինքով վաստակած ապրուստին, լավ մարդ դառնան ու շենացնեն իրենց հայրենիքը: