Նորություններ
,,Սասնա ծռեր,, էպոսի փառատոնը` Արագածոտնում
06.10.2013

Արագածոտնի մարզում իրականացվող մշակութային միջոցառումների մեջ իր հաստատուն տեղն ունի ,,Էպոսի օր-,,ը` նվիրված ,,Սասնա ծռեր,, էպոսին: Արդեն ավանդական դարձած այս նախաձեռնությունը յուրօրինակ մեծարում ու փառաբանություն է մեր ժողովրդի բանահյուսության հանճարեղ ստեղծագործության, որտեղ դրսեւորվում են նրան առանձնահատուկ լավագույն հատկանիշները` հայրենասիրություն, ազատատենչություն, քաջություն, արդարամտություն եւ հաղթանակին հասնելու հաստատակամություն:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ մշակույթի նախարարության ,, Սասնա տուն,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ,,Էպոսի օր,,-ը այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին` Ն. Բազմաբերդում : Այդ առիթով համայնքը հյուրընկալել էր բազմաթիվ մասնակիցների մայրաքաղաքից, տեղի եւ այլ մարզերի համայնքներից:
Հանդիսությունն սկսվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով:: Այնուհետեւ ողջույնի խոսք ասաց Արագածոտնի մարզպետi տեղակալ Նունե Մովսիսյանը: Նա փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնը եւ ասաց, որ ,,Սասնա ծռեր,, էպոսը ուղեկցում է հայ ժողովրդին իր ողջ պատմության ընթացքում: Իսկ Դավթի հերոսական կերպարը, հիրավի, պաշտամունքի է վերածվել: ԵՎ հպարտորեն նրա անունով են իրենց արու զավակներին կնքում հայ ծնողները:
Հայկական մշակույթի մեջ Էպոսի ունեցած մեծ նշանակության, գեղարվեստական եւ գաղափարական արժանիքների մասին խոսեցին էպոսագետ Ազատ Եղիազարյանը, այլ մտավորականներ : Հնչեցին շնորհակալության խոսքեր, եւ հաստատվեց այն տեսակետը, որ ,,Էպոսի օր,,-ը ընդարձակելու է իր շրջանակները` դառնալով համապետական:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, թատերականացված բեմականացումներով: Ելույթներ ունացան Աշնակի, Ն. Բազմաբերդի, Ն. Սասնաշենի, Ուջանի, եւ այլ գյուղերի դպրոցների ու մշակույթի տների երաժշտական համույթները:
Հայկական ժողովրդական էպոսին նվիրված միջոցառումները մարզում իրականացվել են ողջ տարվա ընթացքում: Ծրագրի շրջանակում էպոսյան թեմաներով կազմակերպվել են դասախոսություններ, զրույց-ընթերցումներ, ցուցադրություններ, դպրոցականների շրջանում անց են կացվել շարադրությունների մրցույթներ:
Տոնախմբությունը ավարտվեց գալիք տարի շարունակություն ունենալու պայմանով: