Նորություններ
Արագածոտնի մարզը հյուրընկալեց ,,Արարատ 73,,-ին
06.10.2013

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում հոկտեմբերի 6-ին հյուրընկալվել էին ,,Արարատ 73,,-ի անդամները: Տոնախմբությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, այլ պատվավոր հյուրեր:
Ողջունելով հյուրերին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ ուրախությամբ են հյուրընկալել այսօրվա հայկական ֆուտբոլի լեգենդներին: Օրն ու վայրը պատահական չի ընտրված. արդեն ավանդական է դարձել հոկտեմբերի առաջին կիրակին Ագարակում նշել իբրեւ գյուղի օր: Այս տարի այն առավել հագեցած է եւ բովանդակալից. դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց օլիմպիական եռակի չեմպիոն, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի անվամբ, եւ կայացավ ,,Արարատ 73,,-ի 40 ամյակին նվիրված հուշաձանի բացումը:
Թիմի անունից շնորհակալական խոսք ասաց ,,Արարատ 73,,-ի մարզչական խմբի անդամ Հարություն Քեհեյանը: Լեգենդար հարձակվող Լեւոն Իշտոյանն էլ հավելեց, որ մոտ ապագայում մենք ականատեսն ենք լինելու հայկական ֆուտբոլի նոր վերելքին:
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը վերհիշեց հայկական մարզական փառավոր հաղթանակները, եւ ասաց, որ ,,Արարատ 73,,-ի սխրանքը հիշվելու է 50,60,70 եւ ավելի տարիներ: Այնուհետեւ նա շնորհակալագրեր հանձնեց ծնունով ագարակցի, ներկայումս Սանկտ Պետերբուրգում բնակվող Հրաչյա Պողոսյանին, ում բարերարությամբ իրականացվել է այսօրվա միջոցառումը, ինչպես նաեւ ,,Արարատ 73,,-ի 40 ամյակին նվիրված հուշաձանի ճարտարապետ Աշոտ Դավայանին եւ քանդակագործ Վարազդատ Համբարձումյանին:
Տոնակատարությունը իրենց ելույթներով ողջունեցին հայկական երգարվեստի ճանաչված ու սիրված երգիչ-երգչուհիները: