Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք՝ տարեցներին

01.10.2013

Հոկտեմբերի 1-ին նշվում է տարեցների օրը: Այդ կապակցությամբ, ավանդույթի համաձայն, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը այցելեցին մի խումբ տարեցների՝ տեղում շնորհավորելու եւ օրվան առանձնակի կարեւորություն տալու նպատակով: Ծաղկեփնջերի եւ բարեմաղթանքների հետ մեկտեղ տրվեց նաեւ նյութական որոշակի աջակցություն:
Յուրաքանչյուր այցելություն հետաքրքիր էր եւ տպավորիչ: Մարզի ղեկավարության կողմից ավելի քան 8 տասնամյակի կյանքի ճանապարհ անցած տատիկ-պապիկներին արժանացրած ուշադրությունը մեծագույն ուրախություն պատճառեց նրանց: Անթաքույց էր նրանց կողմից դրսեւորված երախտագիտությունն ու շնորհակալանքը:
Առաջին այցելությունը եղավ Աշտարակ քաղաքի բնակիչներ Յուրա Շահբազյանի եւ Կարինե Համբարձումյանի ընտանիքին: Նշենք, որ Կարինե Համբարձումյանը Վիկտոր Համբարձումյանի դուստրն է: Հայաստանի գիտական աշխարհում ոչ պակաս հանրահայտ է նրա ամուսնու՝ Յուրա Շահբազյանի անունը:
Շնորհավորելով տարեց ամուսիններին, մարզպետն ասաց, որ մեծ պատիվ է հյուրընկալվել այս հանրահայտ ընտանիքում: Բնակարան, որտեղ 1990-ական թվականների սկզբին, մի քանի տարի բնակվել է ինքը՝ մեծն գիտնական Վիկտոր Համբարձումյանը:
Այնուհետեւ ծայր առավ հին օրերի, անցյալի մասին պատմող զրույցը: Տիկին Կարինեն հետաքրքիր հիշողություններ պատմեց հայրիկի կյանքի տարբեր մանրամասների մասին: Իսկ ամուսնու համար կարեւորվեց Համբարձումյանի գիտական, ստեղծագործական, հասարակական եւ քաղաքական գործունեությունը:
Դառնալով Աշտարակ քաղաքում իրենց բնակությանը, նրանք ասացին, որ իրենց զավակները Սանկտ Պետերբուգում են բնակվում: Իրենք էլ շուրջ 30 տարի այնտեղ են բնակվել, սակայն վաղուց արդեն նրանք տեղափոխվել են Հայաստան, Աշտարակում գտել իրենց ներդաշնակ ու երջանիկ կյանքը: Այստեղ, իրենց բնակարանին կից փոքրիկ պարտեզ ունեն, որը մշակում են եւ բավականություն վայելում աճեցրած, թեկուզ և, փոքրաքանակ բերքի, մրգի ու կանաչի համար:
Պակաս հետաքրքիր չէր այցելությունը Աշտարակ քաղաքի մեկ այլ տարեց կնոջ՝ Մարի Էլչյանին: Նրա զավակները եւս արտերկրում են բնակվում, եւ ամուսնու մահից հետո այստեղ նա միայնակ է բնակվում: Դառնալով զավակների կողմից իրենց մոտ տեղափոխվելու հորդորներին, նա կարծում է, որ իր հասակում մարդ հայրենիքում պետք է ապրի:
Աշխատասեր, կենսախինդ այս կինը բնակարանում հաճելի եւ հանգստավետ մթնոլորտ է ստեղծել: Սեփական հնարավորություններով բարեկարգել է բակն ու շրջակայքը, մշակել դրան կից փոքրիկ պարտեզը՝ այնտեղ աճեցնելով հայտնի եւ անհայտ բազմաթիվ ծաղիկներ: Տիկին Մարին շնորհակալությամբ ընդունեց մարզի ղեկավարության շնորհավորանքները, սիրով եւ հպարտությամբ նրանց ցուցադրելով իր ձեռագործ աշխատանքները:
Մարզպետին հաճույքով եւ ուրախությամբ դիմավորեցին նաեւ պատերազմի եւ աշխատանքի Աշտարակի տարածքային խորհրդի անդամները: Իրենց կողմից ստեղծված ,,Փառքի սրահ,,-ում նրանք երիտասարդական ջերմեռանդությամբ մարզպետին պատմեցին առաջիկա ծրագրերի մասին: Վերջինս էլ խոստացավ այսուհետեւ եւս աջակցել նրանց՝ իրենց բոլոր ձեռնարկումներում եւ մաղթեց կյանքի առողջ, կենսախինդ ընթացք:
Նույն կենսունակությամբ եւ ուրախությամբ ընդունեց իրեն ուղղված շնորհավորանքը կյանքի 9-րդ տասնամյակի շեմին գտնվող Աշտարակի մեկ այլ տարեց՝ Նվարդ Բոցինյանը: Նա շնորհակալություն հայտնեց իր հասակակիցների հանդեպ դրսեւորած ուշադրության համար եւ հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ պատմեց իր կյանքի, ժամանակակիցների մասին:
Այցելություն կատարվեց նաեւ հանրաճանաչ ռեժիոսր Էդմոն Քյոսայանի կնոջը՝ Ուշի գյուղում բնակվող, դերասանուհի Լաուրա Գեւորգյանին:Դերասանուհուն հյուր էր նաեւ նրա ընկերուհին՝ հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ջուլիետ Կաժոյանը: Անմիջական զրույցն ընթացավ դերասանուհու կինոարվեստի, հանրահայտ ֆիլմերի՝ Անորսալիների վրիժառուները,, , ,,Տղամարդիկ,, , ,,Մխիթար Սպարապետ,, եւ նրա մասնակցությամբ ամուսնու՝ Էդմոն Քյոսաայանի նկարահանած այլ կինոնկարների շուրջ:
Շուրջ 30 տարի Լաուրա Գեւորգյանը բնակվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Այստեղ նա ստեղծել է հրաշալի միջավայր եւ շուրջն է համախմբել իր սերնդակից մտավորականների: Զրույցի ընթացքում դերասանուհին Սարգիս Սահակյանին ներկայացրեց գյուղի կենցաղին վերաբերող մտահոգիչ մի քանի խնդիրներ, որոնց կապակցությամբ մարզպետը տվեց լուծման երաշխիքներ:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14