Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում նշվեց Անկախությանը տոնը

22.09.2013

Անկախության տոնին նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին` մարզկենտրոն Աշտարակի մարզադաշտում կազմակերպված տոնախմբությամբ, որի կազմակերպիչը մարզպետարանն էր: Մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հրավիրվածների թվում էին նաեւ պետական, հասարակական, մշակույթի ոլորտի բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, համայնքների ղեկավարներ, Աշտարակի եւ այլ համայնքների բնակիչները:
Մինչ տոնահանդեսի սկսվելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեցին Օշականի նորակառույց կամրջի բացման արարողությանը: Կամրջի նշանակությունը խիստ կարեւոր է օշականցիների համար, քանի որ Քասախ գետի հանդիպակաց ափում գտնվող սեփականաշնորհված հողամասերում սեփականատերերը գյուղատնտեսական աշխատանքներ չէին կարողանում կատարել՝ տեխնիկան գետից այն կողմ տեղափոխելու հնարավորություն չլինելու պատճառով: 2011 թվականին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի համայնք կատարած այցելության ժամանակ, բնակիչներն այս հարցը ներկայացրին վարչապետին: Վերջինս բնակիչներին խոստացավ, որ խնդիրն անպայման լուծում կստանա: ՀՀ կառավարության 4-րդ հրատապ ծրագրում ընդգրկվեց կամրջի կառուցումը եւ Անկախության տոնի կապակցությամբ այն շահագործման հանձնվեց:
Ավանդույթի համաձայն, Անկախությանը նվիրված տոնախմբությունն սկսվեց տոնական սեղանների շուրջ կազմակերպված հյուրասիրությամբ: Անմիջական միջավայրում ասվեցին շնորհավորական խոսքեր, մաղթանքներ:
Այնուհետեւ սկսվեց գեղարվեստական մասը: Բացման խոսքով ներկայացավ մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ Անկախության տոնն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի պատմությունն իր ամբողջականությամբ:
-Մենք այն երջանիկ սերունդն ենք, որն, ի վերջո, ձեռք է բերել բաղձալի անկախությունը,-ասաց նա:-Ձեռք ենք բերել մեծագույն պայքարի, ջանքերի, ուժի եւ նվիրվածության ներդրմամբ: Այդ պայքարն ու նվիրումը շարունակվում է նաեւ այսօր: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ազգովի պայքարում ենք անկախության ամրապնդման եւ հարատեւման համար: Արդյունքն ակնհայտ է: Վկա՝ այսօրվա մեր խաղաղ ու հաստատուն առաջընթացը: Անկախության տարիները արգասաբեր են եղել նաեւ Արագածոտնի մարզի համար: Առավելապես, վերջին 5 տարում տարբեր ոլորտներում մարզում իրականացվել են մեծածավալ ներդրումային ծրագրեր:
Հանդիսատեսը ոգեւորությամբ դիմավորեց հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների, ասմունքողների, համույթների, կատարումները: Ազգային երգ-երաժշտության ներքո շուրջպարին միացան նաեւ մասնակիցները:
Հանդիսությունն ավարտվեց տոնական հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14