Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Արագածոտնի մարզ

06.09.2013

Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Արագածոտնի մարզում հիմնված ,,Գոլդն Գրեյպ Արմաս,, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ընկերություն, որը նախաձեռնել է ագրո-զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր:
ՀՀ վարչապետը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ տնօրեն Արմեն Ասլանյանի ուղեկցությամբ շրջեց այգիներով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ներկայումս ընկերությունում աշխատում է ավելի քան 150 մարդ, որի կեսը մշտական աշխատողներ են, իսկ մնացածը ներգրավվել են սեզոնային աշխատանքներում՝ 100 հազար դրամ աշխատավարձով:
Ընկերության տնօրեն Արմեն Ասլանյանի տեղեկացմամբ՝ 2007 թվականից մինչ այժմ ավելի քան 160 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի եւ գինու, ինչպես նաեւ սեղանի խաղողի սորտեր: Իսկ 40 հա. հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիները՝ դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի եւ այլն: Կառուցվել է գինու եւ կոնյակի գործարան:
Ագրոտուրիզմի զարգացման նպատակով տարածքում կառուցվել է նաեւ հյուրանոցային համալիր, որը գրեթե պատրաստ է շահագործման: Միաժամանակ հյուրերին հնարավորություն կընձեռվի զբոսնել խաղողի այգիներում, այցելել կոնյակի եւ գինու գործարան, տեսնել ողջ արտադրական գործընթացը, ծանոթանալ գինեգործության եւ կոնյակագործության ակունքերի պատմությանն ու մշակույթին:
Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 15 մլն. եվրո: Ներդրումների զգալի մասնն ուղղվել է գինու եւ կոնյակի գործարանի կառուցմանը, որի շինարարությունը մեկնարկել է 2010 թվականին: 2012 թվականի սեպտեմբերից նորակառույց գործարանը սկսել է խաղողի մթերման գործընթացը: Խաղող է ընդունել ինչպես սեփական այգիներից (325 տ.), այնպես էլ՝ համայնքներից՝ Կոշ, Ագարակ, Ոսկեվազ, Նոր Եդեսիա, Սասունիկ, Արագածոտն, Շամիրամ (500 տ.), նաեւ՝ Եղեգնաձորի Արենի տեսակի խաղող (50 տ.):
Հաշվի առնելով նոր գործարանի արտադրական կարողությունները՝ հաջորդ տարիների համար տնօրինությունը նախատեսում է մթերման ծավալները հասցնել 3-6 հազար տոննայի: Ներկայումս մեկնարկել են գինու շշալցման աշխատանքները եւ շուկա են ներկայացվել ArmAs անվանումով կարմիր, սպիտակ եւ վարդագույն գինիներ: Երեք տարի անց կներկայացվի նաեւ առաջին կոնյակը: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլեւ՝ արտերկրում՝ ԱՄՆ, Եվրոպական երկրներ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա:
ՀՀ կառավարության 2010 թ.որոշմամբ ,,Գոլդն Գրեյպ Արմաս,,-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի 3 տարի ժամկետով երկարաձգման թույլտվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14