Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում ուսումնական տարին մեկնարկել է

02.09.2013

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում տրվեց 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկը: Գիտելկիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին բոլոր կրթօջախներում: Տոնական տրամադրությամբ համակված ուսուցիչներն ու աշակերտները՝ ծնողների, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ ողջույնի եւ շնորհավորանքի խոսքեր հղեցին, հնչեց երգ-երաժշտություն: Այնուհետեւ դպրոցական առաջին զանգի հնչյունների ներքո աշակերտներն անցան դասասենյակներ, եւ սկսվեցին պարապմունքները:
Մարզպետ Սարգիս Սահակյանը ուսումնական տարվա առաջին օրն այցելեց Մուղնիի Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի անվան հիմնական դպրոց: Այստեղ կազմակերպված միջոցառումը երկակի խորհուրդ ուներ: Հանդիսավոր արարողությունը նվիրված էր նոր ուսումնական տարվան, ինչի կապակցությամբ հնչեցին շնորհավորանքի, ողջույնի խոսքեր: Իրենց առաջին ելույթը ունեցան առաջին դասարանցիները:
Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր դպրոցի շրջանավարտ, զոհված քաջամարտիկ Վարդան Ռոբերտի Օհանյանի հիշատակին: Ժամկետային զինծառայողը զոհվել է հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ՝ 2012 թվականին: Ընդամենը մեկ տարի անց հարազատ դպրոցում խորին հարգանքի են արժանացրել նրա հիշատակը՝ նորաբաց ,,Փառքի սրահը,, անվանակոչելով նրա անվամբ: Միջոցառման ընթացքում հնչեցին երախտիքի, հիշատակի սրտառուչ խոսքեր, կատարվեցին մերօրյա հերոսին ձոնված բանաստեղծություն, թեմային համահունչ երգեր:
Սյնուհետեւ տեղի ունեցավ ,,Փառքի սրահ,,-ի բացման հանդիսավոր արարողությունը: Վարդանի տատիկը՝ Սեյրանուշ Ղազարյանը, կտրեց ժապավենը, որից հետո կայացավ մուտքը դեպի սրահ: Այստեղ ներկայացված էին Վարդան Օհանյանի լուսանկարները, անձնական իրերը, նրա մասին պատմող բազմաթիվ նյութեր: Դրանց մեջ էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հատկացված պարգեըատրումը՝ հետեւյալ գրությամբ՝ ,, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաեւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար թիվ N զորամասի կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանին հետմահու պարգեւատրել Արցախյան Արիության մեդալով,,:
Սրահի վերանորոգման համար դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Սարգիս Սահակյանին՝ ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանը, ում աջակցությամբ իրականացվել է սրահի կայացումը, ներկայացրեց այս նորակառույցի նպատակներն ու հետագա ծրագրերը:
Շնորհավորելով կրթօջախին՝ նոր ուսումնական տարվա եւ ,,Փառքի սրահ,,-ի բացման կապակցությամբ, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ դարեր ի վեր մեր ժողովրդին վիճակված է եղել դժվարին ու հերոսացումներով լի պատմություն: Այդ ամենից անմասն չէ մեր նորօրյա պատմությունը՝ ի դեմս Արցախյան գոյամարտի: Վարդան Օհանյանը մեկն է այն հերոսներից, ում արյան գնով ձեռք է բերվել եւ սրբորեն պահպանվում է մեր հայրենիքի անկախությունը: Դիմելով հերոսի ծնողներին՝ Նվարդ եւ Ռոբերտ Օհանյաններին, մարզպետն ասաց, որ որքան էլ մեծ ու անդառնալի լինի կորստի ցավը, այդուհանդերձ Վարդանը ոչ միայն իրենց, այլեւ իրենց համայնքի, մարզի ու ողջ ժողովրդի հպարտությունն է, եւ նրա ու նրա նմանների հիշատակը ուսանելի է սերունդների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14