Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը

27.08.2013

Օգոստոսի 27-ին կայացավ Արագածոտնի մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, համակարգի այլ ներկայացուցիչներ:

          Խորհրդակցության աշխատանքները սկսվեց մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքով: Նա ասաց, որ նախորդ ուսումնական տարին հաջող է եղել մարզի կրթության ոլորտի զարգացման համար: Իրականացվել են կրթական, դպրոցաշինական բազմաթիվ ծրագրեր, որոնց ընթացքը շարունակվում է ներկայումս: Դառնալով կրթական աշխատանքների պայմանների բարելավմանը, նա ասաց, որ ներկայումս 18 դպրոցում վերանորոգման ծրագրեր են իրականացվում, որոնցով հանդերձ ամբողջանում են համակարգի բարեկարգման պայմանները: Մարզպետը շնորհավորեց մանկավարժներին նոր ոսուումնական տարվա կապակցությամբ՝  մաղթելով նոր  հաջողություններ եւ առաջընթաց:

          Խորհրդակցության աշխատանքները շարունակվեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանի զեկույցով: Նա տեղեկացրեց, որ մարզպետարանի ենթակայությամբ  գործում է կրթության ոլորտի 121 պետական ոչ առևտրային կազմակերպություն, որից 119-ը՝  հանրակրթական դպրոց, 1 հատուկ դպրոց եւ 1 մարզադպրոց: Մարզային ենթակայության դպրոցներից 79-ը միջնակարգ է, 40-ը` հիմնական:

2012-13 ուսումնական տարվա ընթացքում մարզի դպրոցներ է ընդունվել 239 աշակերտ, որից 68-ը Ռուսաստանի Դաշնությունից, 7-ը՝ Լիբանանից եւ Սիրիայից, իսկ տեղափոխվել է 222 աշակերտ: Մարզում  գործում  է  ազգային  փոքրամասնությունների  20  դպրոց, կոմպլեկտավորվել  է   110  դասարան՝  727 աշակերտով, որից 26-ը ազգությամբ հայ են: 358 աշակերտի համար մայրենի լեզվի ուսուցումը կազմակերպվում է եզդիերենի, 343-ի համար քրդերենի դասագրքերով,որոնք երաշխավորված  են ՀՀ ԿԳՆ-ի կողմից:

Զեկուցողն անդրադարձավ մարզի մանկավարժներին եւ սովորողներին հուզող մի քանի կարեւոր խնդրի: Ավագ դպրոցների ռազմավարական ծրագրով նախատեսվում էր ավագ դպրոցների ստեղծում գյուղական եւ քաղաքային համայնքներում: Ինչ-ինչ պատճառներով ավագ դպրոցներ ստեղծվեցին միայն քաղաքային համայնքներում, որն առաջացրեց բացահայտ անհավասար ստարտային հնարավորություններ գյուղական և քաղաքային շրջանավարտների համար: Վերլուծելով մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխարհագրական դիրքը եւ ելնելով նրանց ֆինանսական հնարավորություններից,  մարզպետարանի կողմից առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարություն՝ մարզի բարձր լեռնային եւ ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասարանների միջին խտության տարբերակման  եւ մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններում  բազմապրոֆիլ  ուսուցիչներ  պատրաստելու վերաբերյալ:

ԿՄՍ վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետները որպես լիազորված մարմնի ներկայացուցիչ մասնակցել են բոլոր դպրոցներում կայացած տնօրենների մրցույթներին դիտորդի կարգավիճակով: Բոլոր մրցույթները տեղի են ունեցել սահմանված կարգին համաձայն:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում շարունակվել են ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները: 2012 թվականին ատեստավորվել  է  975 ուսուցիչ: Մարզի հանրակրթական դպրոցներից 539   տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ մասնակցել են ՀՀ ԿԳՆ ԿԱԻ կողմից կազմակերպած վերապատրաստման դասընթացներին: Կազմակերպվել եւ անցկացվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական, տարածքային, մարզային փուլերը: Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլին  մասնակցել է 362 աշակերտ , հանրապետական փուլին` 60 աշակերտ, որից 5 աշակերտ արժանացել է II և III կարգի դիպլոմների, 4-ը՝ գովասանագրի:

ՀՀ Արագածոտնի մարզի եւ ՌԴ Լենինգրադի մարզի միջեւ կնքված փոխգործակցության շրջանակում մարզպետ Սարգիս Սահակյանի՝ Լենինգրադի մարզ կատարած այցելության ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի մարզի 3 շրջանավարտ գործուղվել են Ռուսաստանի Դաշնության  Լենինգրադի Ա.Պուշկինի անվան համալսարանի  բանասիրական ֆակուլտետում սովորելու:

 2012-2013 ուսումնական տարում տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել Ուջանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետիս Հարությունյանը, տարվա լավագույն ուսուցիչ՝  Սոնյա Բադալյանը /Օշականի միջնակարգ դպրոց/, տարվա լավագույն դաստիարակչուհի՝ Գոհար Արշակյանը /Աշտարակի <<Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ>>/: Ուջանի միջնակարգ դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Փառանձեմ Գևորգյանը ներկայացվել է կառավարական պարգևի:

Մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է ՀՀ ԿԳՆ և Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված <<Հայոց եկեղեցու>> մրցութային հանձնաժողով:Մրցույթում հաղթող ճանաչված  հինգ ուսուցիչ ներկայացվել են  ՀՀ ԿԳ նախարարություն՝ մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու համար:

          Անդրադառնալով կրթության ոլորտի կազմակերպման աշխատանքային պայմաններին, զեկուցողն ասաց, որ մարզի 49  դպրոց ստանում է լոկալ  ջեռուցում, 15-ը՝  հեղուկ վառելիքով, 34-ը՝ բնական գազով: 70 դպրոց ջեռուցվում են էլեկտրականությամբ, հեղուկ վառելիքով/կան դպրոցներ,որոնք ջեռուցվում են և էլեկտրականությամբ,և հեղուկ վառելիքով/: Ջեռուցման խնդիրը շարունակվում է լուծում ստանալ դպրոցաշինության ծրագրերի իրականացման արդյունքում:

         2012-2013 ուստարում մարզի 91 հանրակրթական դպրոցների տարրական դասարանների եւ նախակրթարանների 2 288 աշակերտ օգտվել են ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրվող <<Դպրոցական սնունդ>> ծրագրից: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013-2014 ուսումնական տարում մարզի 38 դպրոց ներգրավել   ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրվող <<Դպրոցական տաք սնունդ>> ծրագրի մեջ:Ծրագրից կարող են օգտվել ավելի մեծ թվով դպրոցներ եւ  անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու դեպքում  մասնակից դպրոցների թիվը  կավելանա:   

  <<Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ>> միջազգային բարեգործական կազմակերպությունը  Թալինի եւ Ապարանի տարածաշրջանների 19 դպրոցի տրամադրել է համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակներ, տպիչներ, պատճենահանող սարքեր, փափուկ խաղալիքներ, հագուստ, կոշկեղեն, ֆիզիկայի լաբորատոր փորձասարքեր, մարզագույք, մարզահագուստ, կենցաղային սարքավորումներ:<<Փրկեք երեխաներին>> միջազգային կազմակերպության միջոցով Հնաբերդի, Եղիպատրուշի, Սասունիկի, Բերքառատի միջնակարգ դպրոցներում բացվել են նախակրթարաններ: Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցը բարեգործական նպատակներով ստացել և մարզի 12 դպրոցի է բաշխվել 390 աշակերտական սեղան-նստարան,գրասեղան:

          Զեկուցման մեջ նշվեց նաեւ, որ կրթությանը զուգահեռ  դպրոցները մասնակից են եղել մարզում իրականացվող մշակութային, մարզական միջոցառումներին, հոբելյանական հանդիսություններին, հավաքույթներին:

          Խորհրդակցությանը ոլորտին վերաբերող  իրենց տեսակետներով ելույթներ ունեցան  Հնաբերդի, Շղարշիկի, Ուջանի դպրոցների տնօրենները: Հնչեցին մի շարք այլ հարցադրումներ:

Քննարկված հարցերի շուրջ իր պարզաբանումներն արեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը: Նա  փոխանցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից նոր ուսումնական տարում աշխատանքների կազմակերպման հետ կապված ցուցումները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված գերակա խնդիրները: Տեսչության պետը գոհունակությամբ տեղեկացրեց, որ նախորդ ուսումնական տարում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների ժամանակ Արագածոտնի մարզի դպրոցները ի հայտ են եկել լավագույն ցուցանիշերով, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց համակարգի  աշխատակիցներին եւ մարզի ղեկավարությանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14