Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 11 դպրոց է վերանորոգվում

23.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը օգոստոսի 23—ին Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրեցին, որ առաջիկայում կավարտվի նաեւ բարեկարգումը:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Նոր Եդեսիայի եւ Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք եւս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 52 եւ 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:
Փոխվարչապետը հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որ աշակերտները կարողանան ուսումնական տարին սկսել վերանորոգված ու բարեկարգ դպրոցներում: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ բոլոր 11 դպրոցներում աշխատանքները մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը կավարտվեն: Հնարավոր է, շարունակվեն դրսի բարեկարգման աշխատանքները, որոնք չեն խանգարի ուսումնական գործընթացին:
Ագարակավան համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ մշակույթի տան վերանորոգման ընթացքին, որտեղ եւս աշխատանքներն առաջիկայում կավարտվեն:
Համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգման եւ խմելու ջրի մատակարարմանը: Բնակիչները տեղեկացրեցին, որ ոռոգման շրջանում գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովվածության խնդիր են ունեցել, քանի որ համայնքները գտնվում են Արզնի- Շամիրամ ջրանցքի ծայրամասում: Բացի այդ, ըստ բնակիչների, ջրի ծավալների նվազմանը նպաստում են նաեւ մարզում գործող փոքր ՀԷԿ-երը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ոռոգման խնդիրը լուծելու համար կառավարությունում քննարկվում է Եղվարդի ջրամբարի կառուցման, ինչպես նաեւ նոր ջրաղբյուրներ գտնելու հնարավորությունը. այդ դեպքում հնարավոր կլինի Արզնի-Շամիրամ ջրանցքով անգամ ծայրամասային գյուղերին ապահովել ջրի անհրաժեշտ ծավալով:
Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու - կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Փոքր ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է մնում: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: Նա նաեւ խոստացավ, որ պետական լիազոր մարմինների ուշադրությունը կհրավիրի խնդրի վրա:


ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01