Նորություններ
Բազեականները հյուրընկալվեցին մարզպետարանում
20.08.2013

,,Բազե-2013,, համահայկական երիտասարդական հավաքի Արագածոտնի մարզի ջոկատի անդամները օգոստոսի 20-ին հյուրընկալվեցին մարզպետարանում: Նրանց ընդունեց փոխմարզպետ Նունե Մովսիսյանը:
Հավաքին մասնակցության եւ ունեցած ձեռքբերումների մասին պատմեց ջոկատի ղեկավար Սամվել Շուխյանը: Նա ասաց, որ 9 հոգուց բաղկացած իրենց ջոկատն ընդգրկված էր կապույտ ճակատում: Նրանք ակտիվորեն մասնակցել են ներճակատային եւ միջճակատային բոլոր մրցույթներին եւ ներկայացել լավագույն արդյունքներով: Մասնավորապես, հրաձիգ Բենիամին Քոչարյանը գրավել է առաջին տեղ, վոլեյբոլիստ Հովհաննես Մոսոյանը թիմային արդյունքով նվաճել է ոսկե մեդալ: Բավականին լավ արդյունքներ են գրանցվել ֆուտբոլի, պարի, երգի, ինտելեկտուալ եւ ազգային խաղերի, գեղանկարչության եւ այլ ասպարեզներում կազմակերպված մրցույթներում, եւ մեր մասնակիցները վերադարձել են գավաթներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Ընդհանուր արդյունքներով, ներճակատային ինտելեկտուալ մրցույթում 15 ջոկատի մեջ արագածոտնեցիները գրավել են 3-րդ տեղը:
Շնորհավորելով բազեականներին՝ ունեցած ձեռքբերումների համար, փոխմարզպետ Նունե Մովսիսյաննն ասաց, որ նրանք մարզի լավագույն ընտրանին են, ովքեր ներկայացրել են մարզը համահայկական այդ հավաքում: Այսուհետ էլ նրանք կդառնան իբրեւ հենակետ եւ իրենց մասնակցությունը կունենան համանման ծրագրերում: Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանն էլ հավելեց, որ երիտասարդական այս խմբի հետ աշխատանքը շարունակական կլինի: