Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեց Ապարանի գյուղերում թոշակ-նպաստների ստացման հարցը

13.07.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ կապված Ապարանի տարածաշրջանի 5 գյուղում թոշակների եւ նպաստների հատկացման խնդիրներին:
Հիշեցնենք, որ տարածաշրջանի Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի և Շենավան գյուղերի բնակիչները, փակելով Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Ափնա գյուղի հատվածը, իրենց բողոքն էին բարձրացրել կենսաթոշակների վճարման` «Հայփոստի» ներդրված նոր ծրագրի դեմ: Ըստ այդ ծրագրի` նշված գյուղերի բնակիչներն այսուհետև իրենց թոշակ-նպաստները ստանալու են շրջիկ մեքենաներից: Դրանք, յուրաքանչյուր գյուղում մնալու էին որոշակի սահմանված ժամանակահատված, որից հետո շարժվելու են հաջորդ գյուղ:
Օրախնդիր այս հարցին լուծում տալու համար մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ,,Հայփոստ,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ավագյանը, հավատարմագրային կառավարչության ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանը, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանը, ,,Հայփոստ,,-ի Աշտարակի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Ավետիսյանը, եւ այլ պաշտոնյաներ: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Ապարան, Արայի, Շենավան համայնքների ղեկավարները, հարցով շահագրգիռ մի խումբ թոշակառու գյուղացիներ:
Պաշտոնատար անձինք ներկայացրին փոստային ծառայության մեջ կատարվող նորամուծության՝ շրջիկ փոստային ծառայության ստեղծման մասին: Նշվեց, որ այն հնարավորություն է տալու գյուղական բնակավայրերում իրականացնել փոստային լայնածավալ ծառայություններ, իսկ թոշակների եւ նպաստների տրամադրումը կատարվելու է հասցեավորված, ինչն իրենից ենթադրում է, որ շրջիկ ծառայությունից չօգտվելու դեպքում, թոշակառուներն իրենց գումարը կստանան իրենց բնակարաններում:
Գյուղացիներն էլ իրենց տեսակետներն արտահայտեցին, հարցադրումների հիմքում հաստատելով այն տեսակետը, որ թոշակներն ու նպաստները ցանկանում են ստանալ նախկինի պես:
Բուռն քննարկումներից հետո մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ բոլորիս նպատակը մեկն է. աշխատանքային մեծ վաստակ եւ կենսագրություն ունեցող այս մարդկանց չպետք է մտահոգի իրենց թոշակներն ստանալու խնդիրը: Այն պետք է հասցեատերերին հասնի արժանապատվորեն, առանց ձգձգումների եւ ավելորդ անհանգստությունների: Դրա համար իրենք գտնելու են համընդհանուր եւ բոլորի կողմից ընդունելի լուծումներ: Խորհրդակցության արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ թոշակառուներն իրենց կենսաթոշակները կստանան նախկինի պես, եւ այդ պայմանավորվածությունը չի խախտվի ոչ մի կողմից:
Գյուղացիները մարզպետարանից հեռացան հավաստիացումներով, որ թոշակ-նպաստների ստացման հարցում իրենք լրացուցիչ լարվածություն եւ մտահոգություն չեն ունենա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14