Նորություններ
Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում տարածաշրջաններում
24.06.2013

Հունիս ամսին Արագածոտնի մարզի տարածաշրջանների քաղաքացիները մարզպետի մոտ ընդունելության համար անհրաժեշտություն չեն ունենում այցելել մարզպետարան: Քաղաքացիների ընդունելության կազմակերպման սահմանված ժամանակացույցի համաձայն, մարզպետ Սարգիս Սահակյանն ինքը այցելում է տարածաշրջաններ եւ տեղերում հանդիպում բնակիչների հետ: Ընդունելությունների մասին քաղաքացիներին տեղեկացվում է նախապես: Այդ մասին համապատասխան հայտարարություններ են արվում բոլոր համայնքապետարաններում:
Հունիսի 14-ին ընդունելությունը կազմակերպվեց Թալինի տարաշածրջանում: Այն կայացավ Թալինի քաղաքապետարանում, որին մասնակցեց 42 բնակիչ: Հունիսի 21-ին Ապարանի քաղաքապետարանում կայացավ ընդունելությունը Ապարանի տարածաշրջանի բնակիչների համար: Այստեղ մասնակիցների թիվը 30 էր:
Թե՛ Թալինում, թե՛ Ապարանում բնակիչները մարզպետին դիմեցին ամենատարբեր հարցերով: Դրանք վերաբերում էին առողջական, աշխատանքային, բնակարանների վերանորոգման, կամ անձնական բնույթի այլ խնդիրների: Դրանց մեծամասնությանը հնարավորինս լուծումներ տրվեցին տեղում, կամ ընթացքում լուծումներ տալու համար մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Այդուհանդերձ, դիմումների գերակշիր մասը վերաբերում էր դրամական օգնությանը, որոնք բոլորն էլ բավարարվեցին: Ինյչպես միշտ, այս անգամ էլ առանձնակի ուշադրության արժանացան զոհված ազատամարտիկների, բազմազավակ, սոցիալապես առավել անապահով ընտանիքները:
Արագածի տարածաշրջանի բնակիչները ընդունելության հնարավորություն կունենան հունիսի 28-ին: Այն կկայանա Ծաղկահովիտի համայնքապետարանում: