Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը

17.06.2013

Հունիսի 15-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացավ մամլո ասուլիսով: Մարզի լրատվամիջոցները հնարավորություն ունեցան ամենայն մանրակրկիտ տեղեկանալու վերջին տարիներին եւ, մասնավորապես, 2013 թվականին տնտեսության բոլոր ոլորտներում իրականացված եւ ներկայում ընթացող ծրագրերին:
Մարզպետն ասաց, որ համաձայն կազմակերպություններից ստացված օպերատիվ տվյալների, արդյունաբերական ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում կատարվել է 1,4 միլիարդ դրամի ներդրում: Ընդհանուր առմամբ, ոլորտում նախատեսված է կատարել 2 867,0 միլիոն դրամի ներդրում: Ստեղծվելու են նոր կարողություններ, կառուցվելու է 3 ՀԷԿ, ընդլայնվելու են արդյունաբերական ձեռնարկությունների հնարավորությունները:
Գյուղատնտեսության ոլորտում 2013 թվականին կատարվելու է 13 654,0 միլիոն դրամի ներդրում: Դրանից 6 693 միլիոն դրամը կատարվելու է ՀՀ պետբյուջեի, 6 679,5 միլիոն դրամը` կազմակերպությունների, անհատ ներդրողների եւ համայնքների կողմից: Ներդրումները նախատեսված են անասնապահության, բուսաբուծության մեջ, գյուղտեխնիկայի, սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների ձեռքբերման, նոր այգիների հիմնման նպատակով: Համայնքների բյուջեների կողմից կատարվելու են, հիմնականում, ոռոգման համակարգի կատարելագործման աշխատանքներ: Շուրջ 71.26 միլիոն դրամի ներդրումներ են արվել նաեւ մարզում գործող ՋՕԸ-երի կողմից: Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող եւ մթերող կազմակերպությունների հետ ներկայումս պայմանագրեր են կնքվել` մթերքների կենտրոնացված մթերումների իրականացման համար: Նախնական տվյալներով, այդ կազմակերպությունների կողմից կգնվի 3000 տոննա ծիրան, 4000 տոննա խաղող, 20 000 տոննա այլ մրգեր: Տարբեր միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ են վարվում նաեւ նոր հակակարկտային կայանների ձեռքբերման եւ տեղադրման նպատակով:
Տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններին կտրվի 7000 կգ. թունաքիմիկատ: Առ այսօր մարզպետարանի միջոցով մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով անհատույց տրվել է 631 կգ. ցինկի ֆոսֆիդ: ՀՀ Պետբյուջեի սուբսիդավորմամբ տնտեսությունները գարնանը ստացել են 100 տոննա գարնանացան գարու, 9 տոննա առվույտի, 60 տոննա կորնգանի եւ 2 տոննա եգիպտացորենի սերմացու: Հողօգտագործողներին 1 պարկը 6000 դրամով տրվել է 3300 տոննա ազոտական պարարտանյութ: Այս պահին ընթանում է 1 լիտրը 350 դրամով շուրջ 600000 լիտր դիզելային վառելանյութի հատկացումը:
Նույնպիսի մանրամասնությամբ մարզպետը ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերը: 2013 թվականին ոլորտում, ընդհանուր առմամբ, նախատեսված է ներդնել ավելի քան 1 739 միլիոն դրամ: Դրանից 457 միլիոն դրամն իրականացվելու է ՀՀ պետբյուջեի հատկացումներով, 412 միլիոն դրամը` համայնքների, 868 միլիոն դրամը` դոնոր կազմակերպությունների եւ ստացված վարկերի միջոցներով:
Մարզի զարգացման ծրագրով 2013 թվականին նախատեսված է վերանորոգել 15 եւ կառուցել 3 դպրոց: Մարզպետարանի միջոցով վերանորոգվելու են Աշտարակի թիվ 3 եւ Փարպիի դպրոցները, իսկ քաղաքաշինության նախարարության միջոցով՝ Բյուրականի, Մաստարայի, եւ Քուչակի դպրոցները, կառուցվելու են Լեռնապարի, Վարդենիսի դպրոցները եւ Աշտարակի մարզադպրոցը: Գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ընդգրկված է գյուղական բնակավայրերի 38 սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիք:
Շինարարարական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով: Փուլ առ փուլ իրականացվում են համայնքներում առկա այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսիք են, դպրոցների, մշակույթի տների, այլ կառույցների հիմնանորոգումները, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումները եւ այլն: Այս տարվա հրատապ ծրագրի մեջ ընդգրկված են Օշականի կամրջի շինարարությունը, Աշտարակի մշակույթի տան լոկալ ջեռուցման, Ավանի խմելու ջրի կապտաժի կառուցումը, Սարալանջի գազիֆիկացումը, Նոր Եդեսիայի, Ուջանի, Ապարանի թիվ 1, Վ. Սասնաշենի, Թալինի թիվ 2 դպրոցների վերանորոգումը, Ծաղկահովիտ, Արագածոտն եւ Իրինդ համայնքների գիշերային լուսավորության համակարգի անցկացումը, մի շարք բազմաբնակարան շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումներ եւ այլն:
Խմելու ջրամատակարարման ոլորտում ներդրումները կազմում են 223,1 միլիոն դրամ: Դրանից Արտենի համայնքի ջրամատակարարման համակարգի նորոգումների համար պետբյուջեից հատկացվել է 13 միլիոն դրամ: Ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով լայնածավալ ծրագրեր է իրականացնում ,,Վերջին օրերի սրբեր,, բարեգործական կազմակերպության կողմից: Միայն անցյալ տարի նրանց կողմից 13 համայնքնում իրականացվել է 52 մլն. դրամի աշխատանք: ներկայումս ծրագրի շրջանակում ընդգրկված է 10 համայնք, որտեղ կատարվում են նոր ջրագծերի, ՕԿՋ-երի կառուցման, հիմնանորոգման աշխատանքներ:
Ճանապարհաշինության ոլորտում այս տարվա ընթացքում կատարվելու է 687,6 միլիոն դրամի հատկացումներ: (Դրա մեջ հաշվառված չեն Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա կատարվող ներդրումները): Դրանից 435.6 միլիոն դրամը հատկացված է պետբյուջեից` միջպետական, հանրապետական եւ մարզային ճանապարհների ձմեռային պահպանության եւ շահագործման համար:
Գազամատակարարման ներդրումները 2013 թվականին կազմում են 210 միլիոն դրամ, որտեղ իր մեծ մասնաբաժինն ունի ԻՖԱԴ-ը, առկա են նաեւ համայնքների ներդրումները: Գյուղական համայնքներում գազիֆիկացման, ջրամատակարարաման համակարգերի վերականգնման, արոտավայրերի բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են իրականացնում ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ,, , ,,Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր,, , ,,Վորլդ Վիժն ինթերնեյշնլ,, կազմակերպությունները, այլ ընկերություններ, հիմնադրամներ, անհատ բարերարներ:
Իրազեկվելով մարզի ամենատարբեր ոլորտների իրավիճակին, ,,Արագած աշխարհ,, , ,,Կանթեղ,, , ,,Թալին աշխարհ,, թերթերի խմբագիրները մարզպետ Սարգիս Սահակյանին ուղղեցին իրենց հետաքրքրող այլ հարցեր:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14