Նորություններ
Զորակոչի մեկնարկը տրված է
11.06.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում հունիսի 11-ին հանդիսավոր պայմաններում Հայկական բանակ ճանապարհեցին 2013 թ. գարնանային զորակոչի նորակոչիկներին: Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատները միայնակ չէին մասնակցում: Զինկոմիսարիատ էին եկել մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, այլ պաշտոնյաներ, հոգեւորականներ:
Հանդիսավոր արարողությունը սկսվեց զինկոմիսարիատի բակում տեղադրված հուշաքարի բացմամբ, որի պատիվը տրվեց մարզպետ Սարգիս Սահակյանին, փոխքաղաքապետեր Հարություն Բաղդասարյանին, Գեւորգ Եղիազարյանին եւ ,,Զինվոր,, հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:
Հուշաքարի տեղադրման մտահղացումը եւ նախաձեռնությունը զինկոմիսարիատինն է: Այն նվիրված է ռազմի դաշտում զոհված բոլոր մարտիկների հիշատակին: ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի կողմից կատարվեց հուշաքարի օծման արարողություն: Նա նաեւ օրհնանքի խոսք հղեց նորակոչիկներին: Մաղթեց, որպեսզի զինվորական բարդ, պատասխանատու եւ պատվաբեր գործում միշտ նրանց հետ լինեն հավատքը, նվիրումը եւ սերը:
Նորակոչիկներին ողջունեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը: Իբրեւ իսկական հայրենասեր ու նվիրյալ հայորդի, նա հիշատակեց Գրող Մուշեղ Գալշոյանի Ձորի Միրոյի կերպարը, ով հպարտորեն եւ չոր աչքով է ռազմաճակատ ճանապարհում իր միակ որդուն: Այդպիսի ոգու կորով, արժանապատիվ ծառայություն, առողջություն եւ խաղաղություն մաղթեց նա բոլոր նորակոչիկներին եւ հավելեց, որ ի դեմս երկրի նախագահի եւ պաշտպանության նախարարի, արվում է ամեն ինչ, որ հայ զինվորը ապահով եւ արժանավայել ծառայի:
Զորակոչի առաջին օրվան առանձնակի հանդիսավորություն հաղորդեց Աշտարակի քաղաքային մշակույթի տան երաժշտական խմբերի եւ Սասունիկի ազգագրական պարերի համույթի ելույթը, որոնց խրոխտ երաժշտության ներքո էլ դեպի ծառայություն ճանապարհվեցին նորակոչիկները: