Նորություններ
Հանրապետության տոնը՝ Արագածոտնի մարզում
28.05.2013

Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է իբրեւ Առաջին Հանրապետության օր: Այդ կապակցությամբ միջոցառումներ իրականացվեցին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում, որին մասնակցեցին պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչները, հասարակության անդամները:
Ավանդույթի համաձայն Հանրապետության օրվա գլխավոր միջոցառումը կայացավ Ապարան քաղաքում: Տոնակատարությանը մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, համայնքների ղեկավարներ, այլ համայնքներից եւ մարզերից, մայրաքաղաք Երեւանից ժամանած հյուրեր, բազմաթիվ ապարանցիներ:
Քաղաքի հրապարակում հավաքված բազմությունը նախ հարգանքի տուրք մատուցեց հրամանատարներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի հիշատակին: Նրանց արձանների մոտզետեղվեցին ծաղկեպսակներ:
Այնուհետև բազմության երթը շարժվեց դեպի ,,Վերածնունդ,, հուշահամալիր: Ներկաները խորին հարգանքով ծաղկեպսակներ դրեցին Դրոյի եւ Արցախյան պատերազմում զոհված ապարանցիների շիրիմներին:
Այնուհետեւ ծայր առավ ժողովրդական տոնախմբությունը:
Հայոց պատմության մեջ 1918 թվականի մայիսին ծավալված իրադարձությունները և դրանում Բաշ-Ապարանի ճակատամարտի անփոխարինելի դերն ու նշանակությունը մեկ անգամ ևս կարեւորվեց ելույթ ունեցողների խոսքում:
Հանդիսավոր արարողությանը հաջորդեց համերգը՝ հանրապետության ճանաչված արվեստի գործիչների, երաժշտական կատարողների մասնակցությամբ: Անպակաս էր նաեւ ապարանյան բացօթյա հյուրասիրությունը, որից հաճույքով օգտվեցին բոլորը: