Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ
27.05.2013

Հարգելի հայրենակիցնե’ր,
Շնորհավորում եմ Մայիսի 28-ի տոնի՝ Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ: Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման ու պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը:
1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող այդ պատմական իրադարձությամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Մեր պետության համար ապագան կերտելու, զորանալու, սեփական ուժի մղումով աշխարհի հետ ներդաշնակ քայլերով զարգանալու նոր հեռանկարներ բացվեցին:
Ազգային միասնության, ազատության ու անկախության, ինքնիշխան պետականության գաղափարների շուրջ մեր ժողովրդի համախմբվածության շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետությունը լիիրավ քայլում է աշխարհի պետությունների հետ համընթաց: Այդ միասնությունն ու համախմբվածությունը այսօր էլ զորավիգ են մեզ՝ մեծագույն հերոսություններով ձեռք բերված խաղաղությունը պահպանելու, մեր անվտանգ ապագան կերտելու, մեր անկախ պետականությունը զորացնելու գործում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, եւ թող որ անկախության մեր այս երթը անկասելի ու հարատեւ լինի: