Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում քննարկվեց հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը

25.05.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ:

Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Շամիրամ համայնք, որտեղ գյուղապետի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին համայնքի ընթացիկ խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, անասնաբուծության զարգացմանը, համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը կանգ առավ նաեւ Օշականում, այցելեց համայնքի երաժշտական դպրոց, որի հիմնանորոգումն ավարտվել է օրերս` Հայ օգնության ֆոնդի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում: Դպրոցի հիմնանորգման ծրագիրը ֆինանսավորել է ամերիկահայ բարերար Նատիա Փոլատյանը: Փոխվարչապետը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին: Նշելով, որ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման միջոցով որակյալ ծառայությունների մատուցման հասնելը կառավարության առաջնահերթ խնդիրներից է` նա գոհունակություն հայտնեց, որ տարբեր կազմակերպություններ եւ անհատներ նույնպես աջակցում են այդ նպատակին: Դպրոցն արդեն վերաբացվել է, եւ 65 սաներն այսուհետ երաժշտական կրթություն կստանան հարմարավետ ու բարեկարգ պայմաններում:


Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվեց մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը: Խորհրդակցությանը մասնակացում էին մարզպետը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք:

Զեկուցվեց, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան, որոնցից 30-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մյուս 20-ը` այլ հիմունքներով: Նշվեց, որ մարզի ցանքատարածություններն ու այգիները կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժշտության կա: Քննարկվեցին համայնքային ենթակայության կայանները միասնական ցանցին միացնելու, ինչպես նաեւ նոր կայաններ տեղադրելու հնարավորությունները:

Խորհրդակցությանը Կարբի եւ Օհանավան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին նաեւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին եւ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով համայնքների գյուղատնտեսությանը հասցված վնասին վերաբերող հարցեր:

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցն առաջիկայում կքննարկվի նաեւ Շիրակի մարզում, որից հետո փոխվարչապետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:

ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17