Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Թանգարանների գիշեր,, ծրագրին միացավ նաեւ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը

18.05.2013

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում արդեն իններորդ տարին անընդմեջ մեր երկրում անց է կացվում ,, Թանգարանների գիշեր,, միջոցառումը: Տարեցտարի ընդլայնվում են ծրագրում ներգրավված մասնակիցների շարքերը: Այս տարի այն կրում է ,, Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր,, կարգախոսը:
Ավանդույթի համաձայն, ծրագրին իր մասնակցությունն ունեցավ նաեւ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը: Այս տարի եւս տնօրինությունը չէր սահմանափակվել սոսկ թանգարանային ցուցադրություններով, այլ մշակվել էր օրվան համահունչ ուսուցողական, ազգային մշակույթին առնչվող մի շարք միջոցառումների ծրագիր, որն առավել հագեցած ու հետաքրքիր դարձրեց ,,Թանգարանների գիշեր,,-ը:
Թանգարանում աշխույժ մթնոլորտը, թեպետ, տիրում էր վաղ առավոտից, սակայն, հիմնական միջոցառումները սկսվեցին ժամը 16.00-ից: Ելնելով խորագրի բովանդակությունից, կազմակերպվեցին կավագործության եւ կարպետագործության վարպետաց դասեր, որին սիրով մասնակցեցին տարբեր տարիքի երեխաներ, նաեւ` մեծահասակներ: Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանն, ի դեպ, ասաց, որ իրենք նպատակ ունեն այս երկու արհեստների ուսուցման համար բացել խմբակներ, որին մասնակցել կարող են առանց տարիքի սահմանափակման: Դա ազգային ավանդական արժեքների պահպանման, ուսուցման եւ տարածման լավագույն հնարավորություն կլինի:
Տուն-թանգարանի այցելուները մասնակից եղան նաեւ Համբարձման տոնի ավանդական կերակրատեսակների վարպետաց դասի` միաժամանակ ճաշակելով իրենց իսկ փառքով պատրաստած կերակուրը:
,,Թանգարանների գիշեր,,-վան առանձնակի հետաքրքություն հաղորդեց ,,Ազգային տոների վերածնունդ,, հասարակական կազմակերպության եւ ,,Տոնացույց,, ժողովրդական թատրոնի մասնակցությունը: Նրանց կողմից ցուցադրվեց Համբարձման տոնի ,, Արուս,, տիկնիկի պատրաստում ինտերակտիվ խաղը, որը զուգորդվեց ազգային երգ ու պարի կատարումներով: Այս կազմակերպությունն ու թատրոնը` Հասմիկ Բաղրամյանի ղեկավարությամբ, Պռոշյանի տուն-թանգարանի հետ համագործակցության լավագույն ավանդույթներ ունի, որն իր մեջ ներառում է ֆոլկլորային երաժշտության, ազգային-մշակութային ավանդույթների պահպանմանն ու տարածմանը միտված մի շարք միջոցառումներ: Այս համագործակցությամբ առաջիկայում նոր մտահղացումներ ու նախաձեռնություններ կան:
Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան ունդնելու նաեւ ,,Մեր քաղաքի պատմությունը,, ճանաչողական դաս-էքսկուրսիային: Միջոցառումներն ավարտվեցին ,,Արտիստը,, կինոնկարի ցուցադրությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14