Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը

09.05.2013

Մայիսի 9-ին, վաղ առավոտյան Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակը տոնական տրամադրության մեջ էր: Հաղթանակի եւ խաղաղության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը այս հրապարակում էր, որտեղ ներկա էին մարզի եւ քաղաքի ղեկավարները, պետական, կրթական, առողջապահական, հասարակական, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:
Ազգային ու հայրենասիրական երգերի հնչյունների ներքո ծաղկապսակներ տեղադրվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու արձանի եւ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ:
Ապա հանրության երթը շարունակվեց դեպի քաղաքային զբոսայգի, որտեղ գտնվում է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Այստեղ կայացավ տոնական գլխավոր միջոցառումը: Անմար կրակի մոտ ծաղկեպսակներ դրվեցին մարզպետարանի, քաղաքապետարանի, Պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի եւ իրավապահ մարմինների վետերանների խորհրդի, այլ կազմակերպությունների կողմից:
Շնորհավորելով բոլորին Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Այս հրաշալի օրը մեր ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է իբրեւ Հայրենական պատերազմում տարած փառավոր հաղթանակի եւ, միաժամանակ, Շուշիի ազատագրման հերոսական տոն: Հայ ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների անձնվիրության, սխրագործության շնորհիվ կերտած մեծ հաղթանակները մեզ այսօր պարտավորեցնում են՝ արժանիորեն շարունակելու Հայոց անկախ պետականության ամրապնդման հայրենանվեր գործը, նոր հաղթանակներ ունենալու տնտեսության մեջ, հզորացնելու մեր պետությունն ու հաղթանակած բանակը:
Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի այլ խոսքեր, կատարվեցին հայրենասիրական երգեր ու պարեր:
Ավանդույթի համաձայն, ալցելություն կատարվեց նաեւ դեպի քաղաքային գերեզմանատուն, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմում զոհված աշտարակցիների աճյունները: Կատարվեց հոգեհանգստի ծես, տեղադրվեցին ծաղիկներ:
Մայիսի 9-ի տոնակատարությունը յուրովի նշեցին նաեւ Թալին եւ Ապարան քաղաքներում, մյուս համայնքներում: Կատարվեցին այցելություններ դեպի Հայրենական եւ Արցախյան պատերազմներին նվիրված հուշարձաններ, տեղի ունեցան, տոնական միջոցառումներ, հիշատակի արարողություններ, բացօդյա ավանդական հյուրասիրություններ:
Հաղթանակի օրը յուրովի նշեցին նաեւ մարզի հանրակրթական դպրոցները: Օրվան համահունչ կազմակերպվեցին ցերեկույթներ, բաց դասեր, թեմատիկ շարադրությունների մրցույթներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14