Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

08.05.2013


Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական պատերազմի մեծարգո վետերաններ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Այս հրաշալի օրը մեր ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է իբրեւ Հայրենական պատերազմում տարած փառավոր հաղթանակի եւ, միաժամանակ, Շուշիի ազատագրման հերոսական տոն:
Ամբողջ խաղաղասեր մարդկությունն այսօր տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ մեր ժողովրդի կյանքում: Մայիսի 9-ին մեր ժողովուրդը եւս մեկ բաղձալի հաղթանակ ունեցավ: Թերեւս, ոչ պատահականորեն, այս օրը ադրբեջանական բռնազավթումից ազատագրվեց Շուշին:
Հաղթանակներն այդ ձեռք բերվեցին հայ ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների անձնվիրության, սխրագործության շնորհիվ: Հայորդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակները վկայությունն են այն ճշմարտության, որ հայրենիքի պաշտպանության եւ արտաքին թշնամուն հակահարված տալու հարցում հայ ժողովրդի ոգին ու հավաքական կամքն անկոտրում են:
Հարգելի վետերաններ, Արցախյան գոյամարտի ազատամարտիկներ,
Ձեր կերտած մեծ հաղթանակները մեզ այսօր պարտավորեցնում են՝ արժանիորեն շարունակելու Հայոց անկախ պետականության ամրապնդման հայրենանվեր գործը, նոր հաղթանակներ ունենալու տնտեսության մեջ, հզորացնելու մեր պետությունն ու հաղթանակած բանակը:
Կրկին շնորհավորում եմ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ եւ խաղաղություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14