Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սիրիահայ երեխաները հյուրընկալվեցին Արագածոտնի մարզում

04.05.2013

Մայիսի 4-ին Արագածոտնի մարզում հյուրընկալվեցին սիրիահայ երեխաները: Նախաձեռնության հեղինակները Կարբիի գյուղապետարանն ու տեղի Վահան Թեքեյանի անվան դպրոցն էին, որոնք մարզպետարանի աջակցությամբ հնարավորություն ունեցան իրականացնելու ավելի քան 100 սիրիահայ տղաների ու աղջիկների ընդունելությունը, կազմակերպելու նրանց մեկօրյա հանգիստը, հետաքրքիր ժամանցը եւ հյուրասիրությունը: Նախատեսվել էին մի շարք այցելություններ դեպի մարզի տեսարժան վայրեր, հոգեւոր-մշակութային կառույցներ:
Առաջին այցելությունը կատարվեց դեպի Տառերի Պուրակ, որտեղ հյուրերն ականատես եղան հայոց այբուբենի զարդաքանդակներից բաղկացած համալիրի գրավչությանը, լուսանկարվեցին, վայելեցին բնության զարթոնքը:
Այստեղից նրանք ուղեւորվեցին՝ դիտելու ,,Տառերի պուրակ,,-ի հարեւանությամբ տեղադրված 33 մետր բարձրություն ունեցող խաչը: Այն բաղկացած է 1712 մեծ ու փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո անցած տարիները, եւ դրանց թիվը ամեն տարի կավելանա եւս մեկով:
Այնուհետեւ ուղեւորությունը շարունակվեց Օհանավանի եկեղեցում, որտեղ երեխաները կատարեցին մոմավառություն, ծանոթաացան հայ եկեղեցաշինության մեջ առանձնահատուկ արժեք ունեցող այս կոթողին:
Օրվա երկրորդ կեսին սկսվեց միջոցառումների գեղարվեստական եւ մարզական հատվածը: Սիրիահայ եւ կարբեցի դպրոցականները ներկայացրին երգ-երաժշտության մեջ ունեցած իրենց կատարումները: Իսկ մարզադաշտում իրենց ուժերը չափեցին երկու կողմերի պատանի ֆուտբոլիստները: Հյուրընկալությունը առավել լիարժեք եւ ամբողջական դարձրին նաեւ բացօդյա խաղերը, հյուրասիրությունը:
Կարեւորելով ծրագրի առանձնահատկությունը, միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեցան մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը: Ողջունելով նախաձեռնությունը՝ իբրեւ հայրենասիրության դրսեւորում, ինչպես նաեւ տեղի ու սիրիահայ երեխաների շփման համար լավագույն հնարավորություն, նրանք հյուրերին փոխանցեցին մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34