Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ա. Գեւորգյանն Արագածոտնի մարզում էր

29.04.2013

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը ապրիլի 27-ին Արագածոտնի մարզում ծանոթացավ միջհամայնքային նոր աղբավայրի կառուցման համար առաջարկվող տարածքին:
Տեղում մարզպետ Ս. Սահակյանի, Աշտարակի քաղաքապետի, այլ պատասխանատուների հետ քննարկվեցին Աշտարակ քաղաքին եւ շրջակա գյուղերին սպասարկող` գործող աղբավայրի փակման եւ նորի կառուցման հնարավորությունները: Գործող աղբավայրը գտնվում է Աշտարակ-Էջմիածին մայրուղուն անմիջապես հարող տարածքում, քամիների մշտական հոսանքի տակ, ինչը խնդիրներ է առաջացնում բնապահպանական նորմերին համապատասխան շահագործելու առումով: Նոր աղբավայրն առաջարկվում է կառուցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքում` Երեւան-Աշտարակ մայրուղուց աջ ընկած հատվածում, խարամի նախկին հանքավայրի խորշերի տեղում: Մարզպետը նշեց, որ տարածքն ընտրվել է տեղական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում: Ա. Գեւորգյանը կարեւորեց նոր աղբավայրի` սահմանված բոլոր պահանջներին եւ բնապահպանական նորմերին համապատասխան կառուցումը: Ըստ նրա` հարցը պետք է ներկայացվի բնապահպանական փորձաքննություն իրականացնող կազմակերպության, ինչպես նաեւ համայնքնի ավագանու քննարկմանը: Աղբավայրի շահագործման հետ կապված պատասխանատվություն պետք է ստանձնեն նաեւ հետագայում դրանից օգտվող մյուս համայնքները:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Արագածի տարածաշրջանի Հնաբերդ համայնք, որտեղ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրով անցած տարի ավարտվել է համայնքային նշանակության ջրամբարի կառուցումը: Ծրագրի արժեքը կազմել է 123,7 մլն դրամ: Ջրամբարը կունենա 65 հազ. խմ օգտակար ծավալ եւ կկուտակի Արագածի հալոցքային սելավաջրերը` այդպիսով լուծելով բարձրլեռնային գոտում գտնվող համայնքի ոռոգման խնդիրը: Ջրամբարի հզորությունները բավարար կլինեն համայնքի 100 հա ցանքատարածությունները ոռոգելու համար:
Ա. Գեւորգյանը ողջունելի համարեց տեղերում առկա խնդիրների լուծմանն ուղղված նման փոքր ծրագրերի իրականացումը եւ դրանց համայնքի մասնակցությունը: Տեղում մարզպետի, համայնքապետի, այլ պատասխանատուների հետ քննարկվեցին ջրամբարի շահագործման, ինչպես նաեւ համայնքի ընթացիկ խնդիրների հետ կապված հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17