Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստում քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների եւ այլ հարցեր

03.04.2013

Ապրիլի 3-ին կայացավ Արագածոտնի մարզխորհդի նիստը: Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը զեկուցեց համայնքներում 2013 թվականի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների եւ սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին: Տեղեկացվեց, որ առաջին եռամսյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 138 մլն. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաընթացքի համեմատ 42 մլն դրամով ավելին է: Այդուհանդերձ, նշվեց, որ նվազագույն ցուցանիշ է համարվում հողի վարձավճարի հավաքագրումը, ինչի վրա հրավիրվեց համայնքների ղեկավարների ուշադրությունը: Նա նշեց նաեւ, որ մարզի համայնքների 90 %-ն արդեն սկսել է գնումների կազմակերպման գործընթացը:
Նիստի քննարկմանը դրվեցին նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների հարցերը: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը ներկայացրեց, որ մարզում ոռոգման ջրի մատակարարման ապահովումն իրականացվում է 7 ՋՕԸ-երի կողմից: Ներկայումս կատարվում են ներտնտեսային եւ միջտնտեսային ոռոգման համակարգերի մաքրման, մասնակի նորոգումների, ոռոգման շրջանը սկսելու համար նախապատրաստական այլ աշխատանքներ: Նա ասաց նաեւ, որ մարզի համայնքներն ընդգրված են կառավարության կողմից իրականացվող պարարտանյութի եւ դիզվառելիքի հատկացման ծրագրերի մեջ: Մարզին հատկացված է 895 000 լ. դիզելային վառելանյութ եւ 3600 տոննա ազոտական պարարտանյութ: Գումարների հավաքագրման եւ ներկրման գործընթացը սկսվել է:
Քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանն էլ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 1-ը մարզում հայտարարված է սանիտարական միամսյակ: Այդ ժամանակաընթացքում կազմակերպվելու են շաբաթօրյակներ եւ մաքրվելու են ինչպես հանրապետական, մարզային ու համայնքային ճանապարհները հարող հատվածները, այնպես էլ բնակավայրերի փողոցները, բակերը, բարեկարգվելու են հասարակական վայրերի, մշակութային օջախների եւ հուշարձանների շրջակայքը եւ այլն: Նա հորդորեց, որպեսզի այս աշխատանքների մեջ գյուղապետերը ներգրավեն ողջ բնակչությանը:
Քննարկված խնդիրներին անդրադարձավ մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշեց համայքների սեփական եկամուտների հավաքագրման, նախկինում կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման, գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ կազմակերպման կարեւորությունը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, մարզպետն ասաց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ընթացքում բնակիչների կողմից բարձրացված բազմնաթիվ հարցեր են եղել, որոնք բոլորն էլ իրենց լուծումներն են գտնելու առաջիկայում: Այդ նպատակով կօգտագործվեն թե՛ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակները, եւ թե՛ կշարունակվի համագործակցությունը տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, ընկերությունների, բարերարների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14