Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը Արագածոտնի մարզի ընտրողների հետ

14.02.2013

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին հանդիպում ունեցավ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջանների ընտրողների հետ:
Անդրադառնալով իր նախընտրական ծրագրում տեղ գտած հիմնադրույթներին, թեկնածուն ապարանցիներին խոստացավ ապագայում հանրապետությունում եւս շարունակել մարզային բժշկական հաստատությունների վերակառուցումն ու վերազինումը: «Պետք է ամեն ինչ անել, որ բարձրորակ առողջապահական ծառայությունները մատչելի լինեն ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Բարձրակարգ բժշկությունը չի կարող միայն Երեւանի մենաշնորհը լինել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Աշտարակի տարածաշրջանի ընտրողների հետ Սերժ Սարգսյանը հանդիպեց մարզպենտրոն Աշտարակ քաղաքում: «Ընտրությունների ժամանակ մենք ազգովի կընտրենք պետության նոր քաղաքացու կերպարը` ակտիվ, իր ուժը գիտակցող, խաբկանքներն ու վհատությունը մերժող արթուն քաղաքացու կերպարը: Երեք օր անց ում եւ ինչպես կընտրեք` կախված է բացառապես ձեզանից: Ոչ ոք ձեզանից բացի չի կարող որոշում կայացնել: Վատ իշխանությունը լավ քաղաքացի կերտել չի կարող, քաղաքացուն կարող է ծնել գիտակից եւ ակտիվ, եռանդուն եւ ինքնավստահ, իրար հազար ու մի թելերով կապված ազատ հայաստանցիների հասարակությունը»,- դիմելով աշտարակցիներին, ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի թեկնածուն հիշեցրեց, որ տասն օր առաջ հայ զինվորները կարգապահության, մարտական բարձր պատասխանատվության շնորհիվ ոչնչացրին մեր անվտանգության նկատմամբ ոտնձգություն կատարած դիվերսանտների: «Վերահաս վտանգը չեզոքացվեց փոփոխությունների հասնելու ձեր համառությամբ եւ հավատով: Օրեր առաջ իրավապահները բացահայտեցին քաղաքական պայքարի ելած գործչի դեմ կատարված հանցագործությունը եւ ձերբակալեցին հանցագործներին: Ձեր շնորհիվ է այս գործելաոճը դարձել իրականություն` իրավապահ համակարգի փոփոխությունների պահանջով, երկրում անպատժելիությունը վերացնելու հետեւողական պատգամով»,- ընտրողներին դիմեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի թեկնածուն Աշտարակի բնակիչներին տեղեկացրեց, որ թեեւ հպարտ է համատեղ ձեռքբերումներով, սակայն ավելի շատ ցավում է իր սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել, որոնց մասին իրենից ավելի ոչ ոք չգիտի: «Մեծագույն քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ ընկնելուց հետո ամեն անգամ ոտքի ելնելը: Այսօր ամուր կանգնած եմ ձեր դիմաց, ձեր կողքին, ձեր մեջ եւ երբեք ավելի վստահ չեմ եղել Հայաստանի ապագայի համար, քան այս պահին»,- ընդգծեց թեկնածուն:
Սերժ Սարգսյանն աշտարակցիներին կոչ արեց փետրվարի 18-ին չմնալ տանը եւ գնալ ընտրության` կերտելու իրենց ապագան: «Երբեք չեմ խոստացել, թե մեր ճանապարհը հեշտ է լինելու: Ես ընտրել եմ դժվար ուղի, սակայն այդ ուղին տանում է դեպի ավելի լավ, ապահով, ավելի արդար Հայաստան»,- ասաց նա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14