Նորություններ
Արագած համայնքը ամբողջովին կգազիֆիկացվի
19.12.2012
Արագածոտնի մարզի Արագածի համայնքում գազիֆիկացման լայնածավալ ծրագիր է իրականացվում, որի արդյունքում գյուղը կգազիֆիկացվի ամբողջությամբ: Ծրագիրն իրականացվում է ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի (ԻՖԱԴ) շրջանակում: Ընդհանուր առմամբ 20 կիլոմետր երկարությամբ ներքին ցանց է կառուցվում, որի արժեքը 320 մլն. դրամ է: Կարեւորելով համայնքի գազիֆիկացման խնդիրը, մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ այդ նպատակով 16 մլն. դրամի չափով ներդրում է կատարվել նաեւ ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրից:
Շինարարությունն սկսվել է այս տարվա սեպտեմբեր ամսին եւ, թեպետ, ըստ ժամանակացույցի, այն ավարտվելու է մինչեւ գալիք տարվա նոյեմբեր ամիսը, սակայն համակարգը պատրաստ կլինի ավելի վաղ՝ մայիս-հունիս ամիսներին:
Աշխատանքները ներկայումս ընթանում են, եւ դրան չի խոչընդոտում անգամ ձմռան այս եղանակը: Ծրագիրը շարունակական է, եւ հաջորդ փուլով կիրականացվի եւս 5 կիլոմետր հատվածի շինարարությունը, որով էլ գազատար խողովակաշարը կընդգրկի համայնքի ողջ տարածքը: Այն լիովին կապահովի 1000 տնտեսություն ունեցող բնակավայրի պահանջարկը: Ասենք, որ մինչ այժմ համայնքն ուներ մոտ 5 կմ գազատար խողովակաշար, որից օգտվում էր 50 տնտեսություն:
Ունենալով տարբեր ծրագրերի հետ աշխատելու փորձ, արագածցիները համագործակցում են նաեւ ամերիկյան ,,Քաունթերփարթ ինթերնեյշնլ,, կազմակերպության հետ: Այդ շրջանակում այս տարվա գարնանը կահավորվել է գրադարանը եւ հարստացվել գեղարվեստական գրականությամբ ու տեխնիկական սարքավորումներով: Իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերանորոգվել են արվեստի դպրոցն ու մանկապարտեզը: