Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի գյուղական համայնքներում իրականացվում է ջրագծերի վերականգնման, վերանորոգման ծրագիր

29.10.2012

Արագածոտնի մարզի համայնքների խմելաջրի մատակարարումը մարզում իրականացվող ծրագրերի մեջ առաջնային կարեւորություն ունի: Խնդիրը մշտապես գտնվում է մարզի ղեկավարության, մարզպետ Սարգիս Սահակյանի դիտակետում, նրա անմիջական ու հետեւողական ուշադրության ներքո: Այդ նպատակով օգտագործվում են ինչպես պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները, այնպես էլ միջազգային տարբեր ընկերությունների, հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների ներդրումները:
Արտաքին եւ ներքին ջրագծերի վերականգնման, վերանորոգման ծրագիր է իրականացվում նաեւ ամերիկյան ,,Վերջին օրերի սրբեր,, բարեգործական կազմակերպության կողմից, որը մարզում աշխատում է 2005 թվականից սկսած: Յուրաքանչյուր տարի ծրագրեր են իրականացնում ավելի քան 10-12 համայնքում: Նախագծում ընդգրկված են հիմնականում հեռավոր եւ բարձր լեռնային կարգավիճակ ունեցող համայնքները: Դրանց ընտրությունը կատարվում է իրենց իսկ մասնագետների ուսումնասիրությունների, ինչպես նաեւ ՎՕՍ-ի ղեկավարության, մարզային իշխանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Պատմելով իրենց աշխատանքների մասին, ծրագրի շինարար-ինժեներ Նշան Հարությունյանն ասաց, որ իրենց գործունեությունը մարզում հնարավոր է դառնում լիարժեք իրականացնել մարզպետ Սարգիս Սահակյանի անմիջական օժանդակության եւ հետեւողական աջակցության շնորհիվ: Իբրեւ իրենց ծրագրի առավելություն, նա նշեց այն հանգամանքը, որ նախագծերն իրականացնելիս, համայնքներից ֆինանսական ներդրում չի պահանջվում: Վերջինները աշխատանքներին մասնակցում են միայն աշխատուժի տեսքով, այն էլ՝ որոշակի, ոչ հիմնական գործընթացների ժամանակ:
2012 թվականին ծրագիր է իրականացվել 13 գյուղական համայնքում՝ Սիփանում, Ավշենում, Վարդենիսում, Ափնայում, Ծաղկաշենում, Արուճում, Սարալանջում, Գեղադիրում, Լեռնարոտում, Թթուջրում, Արտենիում, Արագածավանում, Ագարակավանում: Ընդհանուր առմամբ ամբողջովին նոր խողովակներ են տեղադրվել, միաժամանակ կառուցվել է 28 հատ ցայտաղբյուր: Բոլոր համայնքներում աշխատանքներն ընթացել են հաստատված ժամանակացույցին համապատասխան, համաձայն կնքված պայմանագրի, եւ բոլորում էլ շինարարական աշխատանքներն ավարտվել են: Արդյունքում եւս 13 համայնք ունի խմելու ջրամատակարարման նոր եւ արդիականացված համակարգ, շուրջօրյա ջրամատակարարում եւ որակյալ խմելու ջուր:
Կազմակերպությունը մարզում ծրագրեր է իրականացնելու նաեւ 2013 թվականին, որոնք ներկայումս գտնվում են նախապատրաստման շրջանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14