Նորություններ
Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքի պատվիրակությունը այցելեց Թալին
22.10.2012

Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի սենատի անդամ, Բուրգ- Լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիռասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արագածոտնի մարզի Թալին քաղաք: Ինչպես միշտ, այս անգամ էլ, քույր քաղաքի պատվիրակներին թալինցիները դիմավորեցին աղ ու հացով: Բարեկամների հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:
-Թալինում մենք միշտ էլ մեզ զգում ենք ինչպես տանը, զրույցում ասաց սենատոր-քաղաքապետ Բեռնար Պիռասը:
Քաղաքապետարանում Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը ֆրանսիացի բարեկամներին ներկայացրեց համայնքի առջև ծառացած առաջիկա խնդիրները: Անդրադարձ եղավ Թալինի և Բուրգ-Լե-Վալանսի միջև եղած համագործակցությանը: Երկուստեք փաստվեց, որ տարիներ առաջ սկսված անշահախնդիր բարեկամությունը էլ ավելի կխորանա ու կամրապնդվի: Եվ՛ սենատոր քաղաքապետը, և՛ պատվիրակության մյուս անդամները իրենց պատրաստակամությունը հայտնեցին այսուհետ էլ ամեն ինչով օգնել ու աջակցել իրենց քույր քաղաքին՝ Թալինին: