Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում

16.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խոհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում, որի ժամանակ քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող, ինչպես նաեւ այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:

Զեկուցվեց, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 864 մլն դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 663 մլն դրամ, կատարողականը 89,2 տոկոս է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով 60 տոկոսից ցածր կատարողական են արձանագրել մարզի 114 համայնքներից 29-ը, ներառյալ` Աշտարակ քաղաքը:

Փոխվարչապետը մեկ անգամ եւս կարեւորեց համայնքներում արդյունավետ վարչարարության իրականացման հանգամանքը` նկատելով, որ հակառակ դեպքում համայնքը զրկվում է թե սեփական եկամուտների ողջ ծավալից, թե խոչընդոտներ են ստեղծվում համայնքներում իրականացվող ծրագրերի առումով:

Անդրադարձ եղավ նաեւ 2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման եւ նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ազդեցությանը համայնքային բյուջեների վրա: Ա.Գեւորգյանը հանձնարարեց հստակեցնել դրանք վճարելու համար հնարավոր ֆինանսական աղբյուրները:

Խորհդակցությանը քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին եւ չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Զեկուցվեց, որ երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 63,3 տոկոս: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում: Չորրորդ ծրագրով եւս մարզին հատկացված շուրջ 668 մլն դրամը, ինչպես նախորդ ծրագրերը, կուղղվի մարզի համայնքներում դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների, ջրագծերի նորոգմանը: Նշվեց, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:

Անդարդարձ եղավ նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց հետեւողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում եւ համագործակցել գյուղնախարարության ներկայացուցիչների հետ:
Խորհրդակցությանը քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր եւս:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14