Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահը ներկա գտնվեց «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գինու գործարանի բացման արարողությանը

15.10.2012

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում: Նախագահը ներկա գտնվեց ,,Գոլդեն Գրեյփ ԱրմԱս,, ընկերության գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, շրջեց գործարանի արտադրամասերում, ծանոթացավ արտադրական գործընթացին, իրականացված ներդրումներին եւ ընկերության զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
,,Գոլդեն Գրեյփ ԱրմԱս,,-ի սեփականատեր Արմեն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրաժարվելով արտերկրում գործունեություն ծավալելու մտքից` ցանկացել է ներդրումներ կատարել ի նպաստ հայրենիքի: ,,Այս տարի առաջին անգամ ընդունեցինք 1000 տոննա խաղող, որից 300 տոննան իմ անձնական այգիներից հավաքված խաղող էր, 525-ը` Արագածոտնի, եւ 50-ը` Եղեգնաձորի շրջանից` ,,Արենի,,տեսակի խաղող,,- նշեց Ասլանյանը: Նա տեղեկացրեց, որ 140 դրամով մթերվել է Արագածոտնի, 230-ով` Եղեգնաձորի խաղողը: Գործարանի արտադրանքի` գինու եւ կոնյակի որոշ մասը կարտահանվի ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինա, Եվրոպա. Այս առումով նախնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել: Ասլանյանի փոխանցմամբ` հաջորդ տարի մայիսին կլինի առաջին արտադրանքը` ,,Shato ArmAs,,անվանումով կարմիր, սպիտակ եւ վարդագույն գինիներ, երեք տարուց` կոնյակը:
Գործարանը հագեցած է գերժամանակակից տեխնիկայով: Բոլոր աշխատանքներին մասնակցել են իտալացի մասնագետները: Գործարանի աշխատակիցների թիվը 100 է, սակայն սեզոնային աշխատանքների ժամանակ հասնում է մինչեւ 200-ի: Տարածքում նախատեսվում է ստեղծել հյութերի, ջեմերի, մուրաբաների գործարան, խաղողի սառնարաններ, բանջարեղենի ջերմոցներ, անասնաբուծական ֆերմա եւ ձկնաբուծարան: Դրանց շինարարական աշխատանքները ներկայում ընթացքի մեջ են: Ֆերմային կից աշխատողների համար կառուցվում է հանրակացարան: Բոլոր այս կառույցները շրջապատված կլինեն արհեստական լճով: Ընկերությունը նախաձեռնում է նաեւ ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում: Այդ նպատակով տարածքում կառուցվել է հյուրանոցային համալիր, որը շահագործման կհանձնվի եկող տարվա մայիսին:
,,Գոլդն Գրեյփ ԱրմԱս,, ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2007 թ.: Արագածոտնի մարզի Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հա անմշակ տարածքների վրա ,,Գոլդեն Գրեյփ ԱրմԱս,, ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել` տարածքը գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու նպատակով: Արդյունքում ավելի քան 160 հա տարածության վրա հիմնված են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի եւ գինու, ինչպես նաեւ սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (շուրջ 10 հազար ծառեր` դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի եւ այլն): Ներկայում ընթանում են այգիներում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքները:
Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 15 մլն եվրո: Տարածքն ունի բարձրակարգ ոռոգման ջրային ցանց, ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է: Ներկայում կառուցվում է 10-15 հազար խմ տարողությամբ ջրամբար: Տեղադրվել են 3 հակակարկտային կայաններ: Ընկերությունն ԱՄՆ-ից ներկրել է բարձրակարգ գյուղատնտեսական եւ շինարարական տեխնիկա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14