Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լենինգրադի մարզի պատվիրակությունը այցելել է Արագածոտնի մարզ

12.10.2012


Հոկտեմբերի 11-ից 13-ը Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի պատվիրակությունը այցելել է Արագածոտնի մարզ: Պատվիրակությունը գլխավորում է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված են փոխնահանգապետեր Ալեքսանդր Կուզնեցովը, Գեորգի Բոգաչովը, այլ պաշտոնական անձինք:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ պատվիրակությունը ընդունելություն ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մոտ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաեւ մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի եւ Լենինգրադի մարզերի միջեւ առկա բարեկամությունը եւ ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց , որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ձեւավորվել են երկու ժողովուրդների միջեւ` նպաստելով նաեւ փոխճանաչողությանն ու ջերմ հարաբերությունների առավել սերտացմանը:
Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին` հայ ժողովրդի զավակների նկատմամբ մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսեւորվող ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեքորեն ապրում է իր ազգային-հոգեւոր ու մշակութային կյանքով` իրենց ներդրումն ունենալով նաեւ մարզի զարգացման գործում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ երկու ժողովուրդների կյանքում քրիստոնեական հավատի եւ արժեքների դերակատարության, ինչպես նաեւ Արագածոտնի մարզում գտնվող նշանավոր սրբատեղիների եւ հայ ժողովրդի կյանքում դրանց կարևոր նշանակության մասին:
նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյին ընդունեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով հյուրին կառավարությունում, վարչապետը հույս հայտնեց, որ Ալեքսանդր Դրոզդենկոյի այցը կխթանի Հայաստանի մարզերի հետ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Լենինգրադի նահանգապետը գոհունակություն հայտնեց հատկապես Արագածոտնի մարզի հետ հաստատված երկկողմ համագործակցության մակարդակից եւ տեղեկացրեց, որ համատեղ մի շարք ծրագրեր են իրականացվում սոցիալական, կրթական եւ հումանիտար բնագավառներում: Ալեքսանդր Դրոզդենկոն հույս հայտնեց, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցությունը կընդլայնվի` իր մեջ ներառելով նաև տնտեսական բնագավառը:
Սյդ համատեքստում, զրուցակիցները քննարկեցին գյուղատնտեսության ոլորտում կապերի հաստատմանը, մասնավորապես, Հայաստանից գյուղմթերքների արտահանմանը, ինչպես նաեւ մեր երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում Լենինգրադի շրջանից ներդրումների ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ դեղագործության բնագավառում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանը:
Արագածոտնի մարզպետարանում պատվիրակությունը հանդիպում ունեցավ մարզի ղեկավարության եւ աշխատակազմի հետ: Մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ 2011 թվականին Արագածոտնի պատվիրակությունը այցելել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ Լենինգրադի եւ Արագածոտնի մարզերի միջև կնքվել է երկկողմ փոխգործակցության համաձայնագիր: Այդ շրջանակում կողմերը հարաբերություններ են զարգացնելու արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ առևտրի, գիտության, տեխնիկայի, կրթության, առողջապահության, մշակույթի եւ արվեստի, զբոսաշրջության եւ սպորտի զարգացման, տեղական ինքնակառավարման ոլորտներում: Այս այցելությունը նոր հեռանկարներ է բացում կողմերի միջեւ գործնական ծրագրերի իրականացման համար:
Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն կարեւորեց իրենց այցելությունը Արագածոտնի մարզ: Նա ասաց, որ այս այցը լավագույն հնարավորությունն է մոտիկից ծանոթանալու Հայաստանի, մասնավորապես, իրենց հետ համագործակցող Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային արժեքներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14