Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Էպոսի օր,, համազգային տոնախմբություն` Իրինդ գյուղում

06.10.2012

Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում հոկտեմբերի 6-ին կայացավ ,,Էպոսի օր,, համազգային տոնախմբություն` նվիրված ,,Սասնա ծռեր,, էպոսին: Կազմակերպման նախաձեռնությունը ՀՀ մշակույթի նախարարության, Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության համատեղությամբ էր: Հայոց բանահյուսության կարեւորագույն արժեքներից մեկին` ,,Սասնա ծռեր,, էպոսին նվիրված փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2011 թվականին` Ուջան գյուղում, որից հետո որոշվեց այն դարձնել ավանդական եւ նշել յուրաքանչյուր տարի, հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:
Այս տարի տոնախմբության վայր էր ընտրվել Իրինդ գյուղը, որը` լինելով Անդրանիկ Մարգարյանի ծննդավայրը, խորհրդանշում է հայկական ոգու անպարտելիությունն ու հարատեւությունը: Գյուղի կենտրոնական մասում, ուր գտնվում են լուսահոգի վարչապետի հուշարձանը եւ ազատամարտում զոհված հերոսների հուշահամալիրը, տեղի ունեցավ տոնախմբությունը: Այն սկսվեց Տեր հայր քահանա Սահակյանի օրհնանքով եւ Տերունական աղոթքով: Ապա մարզի ղեկավարության, մայրաքաղաքից ժամանած հյուրերի, մշակույթի գործիչների կողմից հնչեցին ողջույնի, հայկական էպոսի դյուցազնական կերպարների ոգեկոչմանն ու հերոսացմանն ուղղված խոսքեր:
Ողջ գյուղով մեկ տարածվել էր հայկական երգն ու երաժշտությունը: Ազգագրական երգ ու պարով ելույթներ ունեցան սիրված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Գոհար Հովհաննիսյանը, Ռազմար Սասունցին, ,,Սասուն,, , ,,Գորանի,, համույթները, մարզում գործող այլ երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ: Երաժշտական համարների մեջ առանցքայինը ,,Սասնա ծռեր,, էպոսի ընթերցումներն էր, որ հնչեց դերասան Անդրանիկ Հարությունյանի կատարմամբ:
Տոնախմբությունն անմասն չէր նաեւ ավանդական հյուրասիրությունից: Մարզկենտրոնի եւ հարեւան համայնքների դպրոցների պատվիրակությունները ներկայացել էին ազգային ծեսերի, սովորությունների ու ավանդույթների մասին պատմող դրվագներով, ձեռքի աշխատանքներով, գեղանկարչության, կիրառական արվեստի բնագավառում իրենց ստեղծագործությունների ցուցադրությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14